երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Փաշինյանը տարիներով բանտարկվել է, մեքենան են այրել, ընդդիմադիրները երբեք այսքան ազատ չեն եղել, ինչպես հիմա. Առուշանյան

Փաշինյանը տարիներով բանտարկվել է, մեքենան են այրել, ընդդիմադիրները երբեք այսքան ազատ չեն եղել, ինչպես հիմա. Առուշանյան

2012 թվականին Վարդան Ղուկասյանը ընտրված քաղաքապետ լինելով հրաժարականի դիմում գրեց, դուրս եկավ, 2012–ին էլի քաղաքապետի ընտրություններ եղան, որտեղ 10 տարի քաղաքը ղեկավարած անձին չթողեցին մասնակցել ընտրություններին։ Էլ չեմ նշում Վարդան Ղուկասյանի նկատմամբ տեղի ունեցած մահափորձը, որին զոհ գնացին չորս մեր համաքաղաքացիները և վիրավորվեցին, կես մարդ դարձան մարդիկ, որոնք Վարդան Ղուկասյանի հետ մեքենայի մեջ էին եղել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին, թե երկրում 1937 թվականի մթնոլորտն է, իսկ Վարդան Ղուկասյանն էլ քաղհալածյալ է։

«Հիմա երբ է 37 թիվը, 2025–ի՞ն, թե՞ 2012–ին։ Մեր ժամանակահատվածում բոլոր ընդդիմադիր թեկնածուները հանգիստ իրենք լիազորություններ ունեն, իրենց լիազորություն սահմաններում, մասնակցում են ընտրություններին, հաղթում են, միավորվում են իրար, որևիցե մեկի հետ որևիցե խնդիր չի պատահում։ Եթե ոչ թե 37 թիվը, այլ 2021 թիվը լիներ, որևիցե մեկը բացի մեզանից չէր մասնակցի ընտրություններին։ Հիմա մեզ մեղադրում են ոչ ժողովրդավարության մեջ, երբ մեր համայնքի ղեկավարների 1/3–ը, եթե չեմ սխալվում, ընդդիմադիրներ են։ Եղե՞լ է նախկինում երբևիցե նման բան։ Չեմ կարծում, որ եղել է»,–ասաց նա։

Դիտարկմանը նախկինում չի եղել, որ ով ընդդիմադիր խոսք ասի, իր հետևից գնան, բերանը փակեն, մարզպետն ասաց. «Եկեք անկեղծ լինենք, այն խոսքի ազատությունը, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում կա, ու շատ դեպքերում խոսքի ազատություն չէ, լկտիություն է, մեծ բերանություն է, անդաստիարակություն է, երբևիցե չի եղել Հայաստանում։ Նույնիսկ քաղաքացիները դժգոհ են այս չափից ավելի խոսքի ազատությունից»։

Հիշեցմանը, որ ընդդիմադիր լրագրող Նիկոլ Փաշինյանը կարողացել է վարչապետ դառնալ, Դավիթ Առուշանյանը նկատեց, որ երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր է եղել, նաև բանտարկվել է, մեքենան են այրել և այլն. «Չեմ կարծում, որ ընդդիմադիր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը ապրել է նման հրաշք կյանքով ու այսպիսի խոսքի ազատություն է ունեցել, ոնց որ հիմիկվա ընդդիմադիրները»։

  • Կիսվել: