երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ-ի կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ-ի կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Սրտանց շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս նշանավոր հոբելյանը խորհրդանշում է արդիական պետության և հասարակության կառուցման գործում հնագույն քաղաքակրթություն կրող չին ժողովրդի մեծ հաջողությունները:

Մենք Հայաստանում ուրախությամբ ենք հետևում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և չին ժողովրդի նվաճումներին՝ տնտեսական առաջընթացին, նորարարական ոլորտի զարգացմանը և մշակութային վերելքին: Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների համակողմանի, կայուն և հետևողական ամրապնդմանն ու խորացմանը:

Տարբեր ոլորտներում երկկողմ կապերի և փոխանակումների հետագա ընդլայնումը և միջազգային ասպարեզում ակտիվ գործակցությունը բխում են մեր երկու երկրների և ժողովուրդների կենսական շահերից: Լիահույս եմ, որ այս տարվա մայիսին Չինաստան կատարած իմ այցը և հանդիպումը Ձեզ հետ հիմք կծառայեն հայ-չինական բարեկամությունն ու համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար: Պատրաստակամ եմ Ձեզ հետ համատեղ առավելագույն ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Լի Քեցյանին՝ Չինաստանի կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ և Չինաստանի կառավարությանն իմ ջերմ շնորհավորանքները և բարեմաղթանքները՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Չինաստանը ժամանել է իր պատմության այս նշանակալի հանգրվանին՝ բազմաթիվ ձեռքբերումներ արձանագրելով պետության և հասարակության կառուցման, տնտեսական առաջընթացի, նորարարությունների և մշակութային զարգացման ոլորտներում: Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների համակողմանի, կայուն և հետևողական ամրապնդմանն ու խորացմանը: Լիահույս եմ, որ այս տարվա մայիսին Չինաստան կատարած իմ այցը և հանդիպումը Ձեզ հետ առաջ կմղեն հայ-չինական բարեկամության և համագործակցության օրակարգը»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: