հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Փաշինյանը կուսակիցներին հայտնել է, որ հակված է մինչև տարեվերջ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագիրը

Փաշինյանը կուսակիցներին հայտնել է, որ հակված է մինչև տարեվերջ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագիրը

Այսօր երեկոյան տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի հանդիպումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ:

Հանդիպմանը քննարկվել են տարբեր հարցեր ներքին, արտաքին, սոցիալ-տնտեսական օրակարգից, սակայն առանցքայինը եղել է հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների թեմատիկան, ինչպես նաև ղարաբաղյան հիմնահարցին առնչվող խնդիրները:  

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Բրյուսելում կայացած վերջին եռակողմ հանդիպման արդյունքները, արցախյան հիմնախնդրի, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների շուրջ վերջին զարգացումները:

Նա նորից ընդգծել է, որ Հայաստանը չի շեղվելու խաղաղության օրակարգից և հակված է մինչև տարեվերջ  Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համապարփակ պայմանագիրը:    

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս հայտնել էր, որ Բրյուսելում նա Նիկոլ Փաշինյանի հետ եկել էր խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ համաձայնության, որը պետք է բաղկացած լինի Բաքվի կողմից առաջարկած հինգ կետերից` միմյանց տարածքային ամբողջականության և սահմանների ճանաչում, միմյանցից տարածքային պահանջների հրաժարում, ուժի չկիրառում և այլն:

Ալիևի այս հայտարարությանը պատասխանել է ՀՀ սրտգործնախարար Արարատ Միրզոյանը, որը նշել էր, որ Հայաստանը խնդիր չի տեսնում Բաքվի առաջարկների հետ, սակայն դրանք ամբողջական չեն արտացոլում հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգը, մասնավորապես դրանցում արտացոլված չէ արցախյան հիմնախնդրի առկայությունը, ինչը, ըստ Միրզոյանի Բրյուսելում շեշտել է նաև Փաշինյանը և ինչից Երևանը չի հրաժարվելու:   

  • Կիսվել: