չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Փաշինյանը՝ ՀՀ–Թուրքիա սահմանի բացման մասին

Փաշինյանը՝ ՀՀ–Թուրքիա սահմանի բացման մասին

Ցանկացած երկկողմ հարաբերություններում միջազգային մթնոլորտը շատ կարևոր է, շատ կարևոր է, որ միջազգային գործընկերները ստեղծում են մթնոլորտ, երբ այդ քայլի հասունացմանը նպաստում են։ Այս մասին Համբուրգում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստան–Թուրքիա սահմանի բացման հնարավորությանը և դրանում միջազգային հանրության դերին։

«Իմիջիայլոց ասեմ ձեզ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը և սահմանի բացումը հիմա բոլորովին ուրիշ համատեքստ է ստացել, որովհետև նաև «Խաղաղության խաչմերուկի» և «TRIPP ուղի» նախագծի շրջանակներում, հիմա Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը նշանակում է Կենտրոնական Ասիայից Եվրամիություն երկաթուղային կապի հաստատում, ավտոտրանսպորտային կապի հաստատում, նշանակում է նոր խողովակաշարերի հնարավորություն, նոր էլեկտրահաղորդման գծերի շարունակության հնարավորություն։ Մենք խոսում ենք կանաչ ջրածնի մասին։ Նախագծեր են լինում, որ մտածում ես՝ լավ, դա ինչքանո՞վ է իրատեսական։ Այսօր ինձ համար ակնհայտ է, որ Կենտրոնական Ասիայից Եվրոպա ապագայում մի իքս պահի անպայման կանաչ ջրածնի խողովակաշար է գալու։

Հիմա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը և սահմանի բացումը նշանակում է այդ պոտենցիալ խողովակաշարը ևս մեկ լրացուցիչ երթուղու հնարավորություն ստանա, որը ձեռնտու է և մեր տարածաշրջանի երկրներին, և Եվրամիության երկրներին։

Համբուրգում գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ես մի միտք ասեցի, որ օգոստոսի 8-ին քաղաքական կարևոր որոշում կայացվեց և քաղաքական առաջնորդություն ցուցաբերվեց, բայց ես հիմա զգում եմ, որ տնտեսությունը մեզ՝ քաղաքական գործիչներին վազանցում է։ Ես զգում եմ, որ տնտեսությունը քաղաքականությանը վազանցում է, և դա շատ լավ նորություն է, որովհետև տնտեսական կապեր և տնտեսական հետաքրքրությունները, որոնք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում և ավելի լայն համատեքստում ձևավորվում են, դրանք կայունության և անվտանգության ամենահուսալի երաշխիքն են։
Որովհետև երբ որ տարածաշրջանի բիզնեսները սկսեն իրար հետ փող աշխատել և ամեն մեկը իր երկրներին բերի լրացուցիչ եկամուտներ, այդ ժամանակ երկրներից ոչ մեկը մյուս երկրի ապակայունացման և ընդհանրապես տարածաշրջանի ապակայունացման նկատմամբ հետաքրքրություն չի ունենա։ Ընդհակառակը, շատ մեծ հետաքրքրություն կցուցաբերի երկրների և տարածաշրջանի կայունության համար»,– հայտարարեց Փաշինյանը։

Նա կոչ արեց հայ գործարարներին գալ և քաղաքականությանը «աբգոն» անել. «Դա շատ կառուցողական «աբգոն» է։ Սովորաբար աբգոնը վտանգավոր է լինում, այս դեպքում ամենահուսալի և լավ աբգոն է, որ տարածաշրջանային տնտեսությունը գա տարածաշրջանային քաղաքականությանը աբգոն անի։ Այն ժամանակ մտածում էինք, որ տնտեսությունը կհրի քաղաքականությանը, հիմա տնտեսությունը կքաշի քաղաքականությանը, որը ավելի էֆեկտիվ է»,– ընդգծեց Փաշինյանը։

  • Կիսվել: