երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Փաշինյանն ասել է, որ Բրյուսելում հանդիպումից հետո իր ֆեյսբուքյան գրառման տեքստը հաստատել է Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հետ

Փաշինյանն ասել է, որ Բրյուսելում հանդիպումից հետո իր ֆեյսբուքյան գրառման տեքստը հաստատել է Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Բրյուսելյան հանդիպումներից մեկի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵՄ նախագահի հետ համաձայնեցրել է ֆեյսբուքյան իր գրառման տեքստը՝ երկաթուղու վերականգնման մասին։

«Բրյուսելում պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ երկաթուղին վերականգնում ենք, երկաթուղու վերականգնման գործընթացը սկսում ենք, թվում էր՝ ամեն ինչ պայմանավորվել ենք։ Ես ձեզ մի մանրամասն էլ ասեմ, որը, կարծում եմ, մեր երկրում շատերին դուր չի գա։

Ես երբ պատրաստվում էի իմ ֆեյսբուքյան էջում գրառում անել, ես հենց տեղում հանդիպման մյուս մասնակիցների հետ իմ տեքստը ճշտեցի, ասացի՝ ես ճի՞շտ եմ հասկանում պայմանավորվածությունը, որովհետև ես պետք է դուրս գամ ու հրապարակում անեմ, և ստացա հաստատում և՛ ԵՄ նախագահից, և՛ Ադրբեջանի նախագահից, որ, այո՛, դա այն պայմանավորվածությունն է, ինչ տեղի է ունեցել, իսկ իմ գրառումն իմ էջում մինչև հիմա կա, բնականաբար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այդ մասին խոսել է նաև վերադառնալուց հետո՝ կառավարության նիստի ընթացքում։

«Բայց երբ պետք էր այդ նույն տեքստը գործնականում ինչ-որ իմ էջում գրված էր, Ադրբեջանը հրաժարվեց դրանից։ Եթե Ադրբեջանի համար սա ոչ թե էսկալացիայի առիթ է, այլ հաղորդակցության խնդիր, տարածաշրջանի կոմունիկացիաների բացման առումով, այդ հարցը լուծված է։ Պետք է գնալ և ուղղակի այդ լուծմանն ընթացք տալ»,-ասաց նա։

 

  • Կիսվել: