կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Փարաքարում նիստը տևել է մի քանի րոպե. ավագանու անդամները նիստը վարողի հետ կապված համաձայնության չեն եկել

Փարաքարում նիստը տևել է մի քանի րոպե. ավագանու անդամները նիստը վարողի հետ կապված համաձայնության չեն եկել

Փարաքարի համայնքապետարանում կրկին լարված իրավիճակ է. հերթական անգամ ավագանու նիստ էր գումարվել համայնքապետ ընտրելու համար, սակայն այն ընդամենը մի քանի րոպե տևեց։

Նիստը չի կայացել, քանի որ ավագանու անդամները նիստը վարողի հետ կապված համաձայնության չեն եկել: Այդ ընթացքում ինչ-որ մեկն ահազանգել էր, թե, իբր, շենքում ռումբ կա տեղադրված։ Ժամանեցին արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, որոնք շան օգնությամբ որոնողական աշխատանքներ իրականացրին, սակայն պայթուցիկ չհայտնաբերվեց: Նիստն անորոշ ժամանակով հետաձգվեց։

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ եւ 10 ձայնով իրենց թեկնածուին՝ Վոլոդյա Գրիգորյանին ընտրել էր համայնքի ղեկավար: 

Ավագանու մնացած 11 անդամներն էլ համայնքապետ էին ընտրել «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածու Դավիթ Մինասյանին:

Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն  ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք։ Նույն օրը «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Դեկտեմբերի 30-ին դատարանը որոշել էր անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները:

  • Կիսվել: