Պահանջում եմ Սրբուհի Գալյանից, Նիկոլ Փաշինյանից, որ շատ արագ կազմակերպեն Միքայել Սրբազանի պահանջի բավարարման գործը, նա վիրահատության կարիք ունի․ Էդմոն Մարուքյան
Մենք բոլորս գիտենք, որ Միքայել Սրբազանը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում, ԿԳԲ-ի բանտում, իշխանությունների կողմից հետապնդման արդյունքում և դատավճիռ կա երկու տարի ազատազրկման, որը բողոքարկված է։ Այս մասին Facebook–ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Բնականաբար այս մասով որևէ հույս չունենք, որովհետև արդեն պարզ է թե ինչի համար է նա բանտարկված, բայց մարդը ունի առողջական խնդիր և վիրահատվելու կարիք։ Հիմա իշխանությունները պնդում են, որ բա մենք էս ենք ասել, բա մենք էն ենք ասել, օրը մի բան են ասում, և մարդու պահանջը չեն բավարարում։
Ես պահանջում եմ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանից, Նիկոլ Փաշինյանից, որ շատ արագ կազմակերպեն Միքայել Սրբազանի պահանջի բավարարման գործը և տեղափոխեն համապատասխան տեղ, որտեղ նա ուզում է, որ վիրահատվի։
Յուրաքանչյուր, ով իրավունք ունի իր բժշկի մոտ բուժվելու և վիրահատվելու, և պետությունը չի, որ պետք է որոշի, թե որտեղ ինքը վիրահատվի։ Եթե մարդը ասում է, որ ես բժիշկ ունեմ «Իզմիրլյան» հիվանդանոցում և ես այնտեղ եմ ուզում վիրահատվել, ուրեմն պետք է բավարարեք այդ պահանջը, այլապես մեր պետությունը բազմաթիվ պրոբլեմներ կունենա գոնե մարդու իրավունքների բնագավառում այս մասով։
Ես հիմա նաև կոչ եմ անում Հայաստանում գործող բոլոր իրավապաշտպաններին միանալ այս պահանջին։ Այն իրավական իմաստով անթերի է, որովհետև ես ինքս 10 տարի բանտային համակարգի մոնիտորինգով եմ զբաղվել, երբ որ Փաշինյանն էր նստած և էլի մարդիկ։ Ես այս պահանջը նաև ուղղում եմ հենց Նիկոլ Փաշինյանին: Նիկոլ Փաշինյան, բավարարեք Միքայել Սրբազանի պահանջը, մարդը գնա վիրահատվի։ Բնականաբար վիրահատվելուց հետո էլի հետ եք տանելու ԿԳԲ–ի պադվալ, որովհետև ձեր վերաքննիչ դատարանից ոչ ոք որևէ հույս չունի, և բոլոր իրավապաշտպաններին կոչ եմ անում միանալ այս պահանջին, կսպասենք այս պահանջի բավարարմանը»,– հայտարարել է Մարուքյանը։


