հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պահանջում եմ օր առաջ հեռացնել Հանրային խորհրդի նախագահին. Աննա Կոստանյան

Պահանջում եմ օր առաջ հեռացնել Հանրային խորհրդի նախագահին. Աննա Կոստանյան

Հանրային խորհրդի նախագահը պաշտոնը զբաղեցնելուց ի վեր առավելապես չի դադարեցրել սոցիալական հարթակներում թիրախավորել կոնկրետ անձանց և նրանց գործունեությունը, այն պարագայում, որ իր` Հանրային խորհրդի նախագահի պաշտոնի զբաղեցմամբ պայմանավորված, առնվազն պետք է զերծ մնար ոչ կոռեկտ հրապարակային խոսքերից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը՝ անդրադառնալով ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի մասին ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանի գրառմանը:

Կոստանյանը, մեջբերելով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ Հանրային խորհրդի ղեկավարի գրառման ուսումնասիրությունը վկայում է, որ դա արվել է կնոջը վիրավորելով՝ նրա սեռի թիրախավորմամբ, գրել է.

«Այո, վերահաստատում եմ հանրային գործունեությամբ զբաղվող ցանկացած անձ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ վիրավորական և ատելության հիմք ծառայող հրապարակային խոսքեր հնչեցնի` հատկապես անձի սեռային յուրահատկությունները թիրախավորելով։

Փաստում եմ նաև, որ Հանրային խորհրդի նախագահը պաշտոնը զբաղեցնելուց ի վեր առավելապես չի դադարեցրել սոցիալական հարթակներում թիրախավորել կոնկրետ անձանց և նրանց գործունեությունը, այն պարագայում, որ իր` Հանրային խորհրդի նախագահի պաշտոնի զբաղեցմամբ պայմանավորված, առնվազն պետք է զերծ մնար ոչ կոռեկտ հրապարակային խոսքերից։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային դեպք լինելը նաև ենթադրում է հասարակության մեջ էտալոնային վարքագծի և խոսքի դրսևորման պարտավորություն` կարծում եմ, որ այս և այլ դեպքերում հանրային պաշտոններ զբաղեցնող անձինք պետք է իրավական պատասխանատվության ենթարկվեն` համամարդկային, համընդհանուր էթիկական կանոնների, համերաշխության մթնոլորտի և փոխադարձ հարգանքի խախտման պարագայում, այլապես այսօրինակ վարքագիծը մուլտիպլիկատիվ էֆեկտ կարող է ունենալ հասարակության ամենալայն շերտերում` ոչ ցանկալի օրինակ ծառայելով։

Ուստի կանխելու համար նման անթույլատրելի վարքագծի նեգատիվ ազդեցությունը` պահանջում եմ օր առաջ հեռացնել Հանրային խորհրդի նախագահին յուր ստանձնած, սակայն օրենքով նախատեսված պարտավորությունները չկատարելու և հանրության կոնկրետ անձանց պարբերաբար թիրախավորելու և նսեմացնելու համար»։

  • Կիսվել: