Ոստիկանը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է. Գարիկ Սարգսյան
«Հունան Պողոսյանը «Հանրապետական» կուսակցության անդամ չի եղել: Նա եղել է ՀՀ ոստիկան, սպա, գեներալ, և դա պետք չէ կապել «Հանրապետական» կուսակցության հետ»:
Այս մասին «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը` ի պատասխան հարցի, թե ինչու նախկին շատ պաշտոնյաներ իշխանափոխությունից հետո նշանակվեցին պաշտոնների, օրինակ` Հունան Պողոսյանը, ով Սյունիքի մարզպետն է:
Դիտարկմանը, թե ներկայիս իշխանությունները նախկինում պնդում էին, որ որ ոստիկանությունը ծառայում է օրվա իշխանությանը, Գարիկ Սարգսյանը պատասխանեց. «Ոստիկանությունը միշտ էլ օրվա իշխանության ծառայողն է, ժողովրդի ծառայողն է, և եթե ժողովրդի մեծամասնությունը քվեն տվել է մեր իշխանությանը, այսինքն` ծառայելով իշխանությանը` ծառայում են ժողովրդին»:
Նա նաև պնդեց, որ իր ու իրենց քաղաքական ուժի` «ՔՊ»-ի կողմից որևէ համայնքի ղեկավարի չեն ստիպել դառնալ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ. «Արարատի մարզում հեղափոխությունից հետո չկա համայքնի մեկ ղեկավար, որ կասի, որ դարձել է «ՔՊ անդամ, որովհետև մեր կողմից նման առաջարկ չի եղել: Դա մեկ օրվա հարց չէ, մարդիկ իրենց քաղաքական հետագծով, իրենց գաղափարներով պետք է հարեն այդ կուսակցությանը»: