չորեքշաբթի, հունիս 19
19 / 6 / 2024
Ոստիկանության կողմից իրականացված հակաօրինական գործողություններին տրվելու են պատշաճ քրեաիրավական գնահատականներ. հայտարարություն

Ոստիկանության կողմից իրականացված հակաօրինական գործողություններին տրվելու են պատշաճ քրեաիրավական գնահատականներ. հայտարարություն

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն հայտարարություն է տարածել հունիսի 12-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնությունների և դրան հաջորդած քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ:

«2024թ. հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ոստիկանական գործողությունների արդյունքում ավելի քան 100 քաղաքացի` այդ թվում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, ինչից հետո վարչախմբի կողմից քաղաքական բռնաճնշումների նոր ալիք է սանձազերծվել:

Վերոգրյալի վերաբերյալ հարկ ենք համարում արձանագրել.

  • Հունիսի 12-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը խաղաղ հավաք էր կազմակերպել Բաղրամյան պողոտայում: Քաղաքացիների մի խումբ հավաքին միանալու նպատակով երթով շարժվել է դեպի Դեմիրճյան փողոց, որտեղ ոստիկանությունն ապօրինաբար խոչընդոտել է նրանց տեղաշարժը և բերման ենթարկել խաղաղ երթի մասնակիցներին:

 

  • Ակնհայտ է, որ նույն ժամին ԱԺ-ում իշխող վարչախմբի և նրա պարագլխի անհավասարակշիռ և սադրիչ ելույթները նպատակաուղղված էին էլ ավելի բորբոքել` առանց այդ էլ լարված իրավիճակը փողոցում: Դրան էին նպաստում նաև ցուցարարների նկատմամբ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ոչ ադեկվատ ծառայողների սադրիչ գործողությունները:

 

  • Ոստիկանների կողմից պարբերաբար հայհոյանքներ են հնչել հավաքի մասնակիցների հասցեին, ավելին` ոստիկանական շարքերից խաղաղ հավաքի մասնակիցների ուղղությամբ շշեր և տարբեր առարկաներ են նետվել իրավիճակն էլ ավելի սրելու նպատակով:

 

  • Խաղաղ ցուցարարների դեմ հատուկ միջոցներ գործարկելուց առաջ ոստիկանությունը որևէ կերպ հավաքի մասնակիցներին կամ հավաքի կազմակերպիչներին չի նախազգուշացրել հատուկ միջոցներ կիրառելու մտադրության մասին, ինչն օրենքի կոպտագույն խախտում է:

 

  • Ի հեճուկս ոստիկանության և իշխող վարչախմբի հավաստիացումների, մամուլում առկա տեղեկությունների համաձայն, խաղաղ հավաքի մասնակիցների ուղղությամբ կիրառվել են ժամկետնանց բեկորային հատուկ միջոցներ, որի հետևանքով բազմաթիվ ցուցարարներ ստացել են ծանր, ոմանք անգամ անդառնալի վնասվածքներ:

 

  • Ոստիկանների կողմից ուղիղ հրահանգով ծեծի են ենթարկվել բազմաթիվ ցուցարարներ, այդ թվում` հանրային գործիչներ, վնասվածքներ են ստացել ոստիկանական վայրագությունները լուսաբանող ԶԼՄ-ների բազմաթիվ ներկայացուցիչներ:

 

  • Հունիսի 12-ի ջարդը վերջին մեկ ամսվա ընթացքում «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժման նկատմամբ վարչախմբի կողմից իրականացվող ռեպրեսիաների բարձրակետն էր, որին հաջորդել է վարչախմբի հանցավոր կցորդի վերածված իրավապահ համակարգի կողմից վերջին օրերին սկսված ապօրինի հետապնդումներն ու տասնյակ ցուցարարների ձերբակալությունները:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն խստորեն դատապարտում է խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված ջարդը, դրան հաջորդած իրավական ամենաթողության դրսևորումները և իր անվերապահ աջակցությունն է հայտնում քաղաքական բռնաճնշումների ենթարկված քաղաքացիներին:

Միաժամանակ արձանագրում ենք, որ ոստիկանական ստորաբաժանումների կողմից իրականացված հակաօրինական գործողություններին տրվելու են պատշաճ քրեաիրավական գնահատականներ Հայաստանի Հանրապետությունում տապալված սահմանադրական կարգը վերականգնելուց հետո:

Փաստում ենք նաև, որ ոստիկանական վայրագությունների և երկրում ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ իրականացվող իրավական ամենաթողության թիվ մեկ պատասխանատուն հանդիսանում է երկրում սահմանադրական կարգը տապալած Նիկոլ Փաշինյանն իր վարչախմբով»,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: