կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Օսկանյանն ընդունո՞ւմ է, որ իր բանակցային տրամաբանությունը եղել է ԼՂ-ի ինքնավարությունը Ադրբեջանի կազմում. Փաշինյան

Օսկանյանն ընդունո՞ւմ է, որ իր բանակցային տրամաբանությունը եղել է ԼՂ-ի ինքնավարությունը Ադրբեջանի կազմում. Փաշինյան

Հավանականությունը, որ խաղաղության պայմանագրում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կլինի ձեւակերպում, որի հետ համաձայն կլինեն եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը, եւ Լեռնային Ղարաբաղը, շատ քիչ է: Այս մասին այսօրմամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե այդ հավանականությունը շատ քիչ չլիներ, մինչեւ հիմա այդ խաղաղությունը մի քանի անգամ հաստատված կլիներ»,-ասաց նա:

Փաշինյանն անդրադարձավ նաեւ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարություններին, որտեղ նա, ի թիվս այլ հարցերի, խոսել էր նաեւ Արցախի ինքնորոշման իրավունքի եւ ինքնավարության հարցերի մասին. «Եթե ինքնավարության մասին է խոսել Վարդան Օսկանյանը, նշանակում է նույնիսկ ինքը՝ Օսկանյանը, ով աջակցում է այն նախաձեռնությանը, որով Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելը քրեորեն պատժելի պետք է լինի, ինքը այս փաստով ընդունում է Ղարաբաղի Ադրբեջանի կազմում լինելու հանգամանքը: Որովհետեւ ինքնավարություն նշանակում է Ադրբեջանի կազմում:

Ավելին ասեմ, ես քննիչ հանձնաժողովում ստիպված եղա հրապարակել ԵԱՀԿ-ի՝ Լիսաբոնի գագաթնաժողովի փաստաթղթերը, որտեղ նախագահողի հայտարարության մեջ ինքնորոշման իրավունքը հենց որպես ինքնավարության իրավունք էր մեկնաբանված ԼՂ համատեքստում: Սրանով հանդերձ՝ Օսկանյանն ընդունո՞ւմ է, որ իր բանակցային տրամաբանությունը եղել է ԼՂ-ի ինքնավարությունը Ադրբեջանի կազմում, եւ ինքը չի կարողացել հասնել դրան՝ լինելով փորձառու դիվանագետ»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ Լիսաբոնի գագաթնաժողովում, երբ Հայաստանը վետո է դրել փաստաթղթի վրա, նախագահողը միջազգային հանրության դիրքորոշումն է ներկայացրել, որ ԼՂ հարցը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի իրացման շրջանակներում, եւ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում պետք է ունենա ինքնավարություն:

«Ոչ ոք չի խանգարում, որ Ստեփանակերտը երկխոսության գործընթացում իր օրկարգը բարձրացնի եւ փորձի հասցեագրել, ու նաեւ դրա պատասխանատվության ու իրավունքի կրողն ինքը լինի, Հայաստանն էլ աջակցի՝ ինչով կարող է: Բայց մեզ համար առաջնահերթ է Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանությունը»,-ասաց նա:

 

  • Կիսվել: