չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Որոշ ոլորտներում սահմանափակումները վերացնելու մասին «Լուսավոր Հայաստանի» առաջարկը խորհրդարանը չընդունեց

Որոշ ոլորտներում սահմանափակումները վերացնելու մասին «Լուսավոր Հայաստանի» առաջարկը խորհրդարանը չընդունեց

Որոշ ոլորտներում սահմանափակումները վերացնելու մասին Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկությունների նախագիծը խորհրդարանը չընդունեց։

Կողմ էր 14 պատգամավոր, դեմ՝ 77, ձեռնպահ՝ 15։

«Բարգավաճ Հայաստանը» ձեռնպահ էր, իսկ «Իմ քայլը» դեմ ներկայացված նախագծին՝ պատճառաբանելով, որ ներկայացված նախագիծը ռիսկային է։

«Մենք հասկանում ենք, որ մեծ քաղաքական ռիսկ ու պատասխանատվություն ենք վերցնում, որ պետք է թույլ տալ, որ այդ ոլորտները աշխատեն», -մինչ քվեարկությունը հայտարարել էր «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարությանը՝ շնորհակալություն հայտնելով, որ բացօթյան շինարարությունը թույլատրվել է։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Լուսավոր Հայաստանը» ԱԺ-ում որոշման նախագիծ էր ներկայացրել՝ առաջարկելով արտակարգ դրության ռեժիմով նախատեսված որոշ միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին։ Մասնավորապես, ԼՀԿ-ն առաջարկում էր սանիտարահակահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ իրականացնել ուղևորափոխադրում Երևանի մետրոպոլիտենով, վերականգնել ավտոբուսներով երթևեկությունը, թույլատրել սպորտային, տնտեսական, շինանյութի վաճառքի կետերի գործունեությունը, մեքենաների տեխնիկական սպասարկման կետերի գործունեությունը, կահույքագործական աշխատանքների թույլատրում, օրթեզավորման կենտրոնների վերաբացում։

Այդուհանդերձ, իր եզրափակիչ ելույթում ՀՀ արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ ցանկացած պարագայում ներկայացվող առաջարկությունները պարետատունը քննարկման առարկա կդարձնի։

  • Կիսվել: