շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Որևիցե քայլ չի արվել և չի արվելու առանց Արցախի որոշման. ԱԺ նախագահ

Որևիցե քայլ չի արվել և չի արվելու առանց Արցախի որոշման. ԱԺ նախագահ

Արցախի իշխանություններին մշտապես փոխանցվել է բանակցային գործընթացի մանրամասները: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Արցախի կարգավիճակից հետ կանգնելու կամ չկանգնելու խնդիր չի եղել և չի խոստացվել: Խոսքը մշտապես եղել է իրավունքների մասին: Իրավունքները շատ տարբեր են, և որպեսզի տպավորություն չլինի, որ այսպես ասած «վատ» իշխանությունները դավադիր ինչ-որ փաստաթղթեր են մշակում, մենք մշտապես ամբողջ տեղեկությունը տվել ենք Արցախի կողմին և որոշումներ կայացնելիս Արցախի կարծիքը եղել է որոշիչ: Հիմա մենք մեկ քայլ առաջ ենք գնում այդ հարցում և փորձում ենք բանակցությունների սեղանին վերադարձել Արցախին, որպեսզի այլ հարց չլինի, պայմանական, Արցախից մի կարծիք հնչի, Ազգային ժողովից մեկ այլ կարծիք հնչի»,- ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահի խոսքով՝ Արցախի իշխանությունները մշտապես ամեն ինչ իմացել են՝ ամեն ստորակետը և ձևակերպումը:

«Նրանց տեղեկացվել և նրանք համաձայնել են, որովհետև այլ տարբերակ իրականության մեջ չկա և չէր կարող լինել: Ասեմ ավելին, որ հաճախ նաև Արցախի մեր գործընկերներն են զգուշացրել, որ մտավախություն ունեն նաև Հայաստանի անվտանգության վերաբերյալ, զգուշացրել են, ինֆորմացիայով փոխանակվել: Եկեք մեկընդմիշտ ֆիքսենք՝ որևիցե քայլ չի արվել և չի արվելու առանց Արցախի որոշման»,- եզրափակեց Սիմոնյանը:

  • Կիսվել: