հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Որևէ այլ ուժ, մասնավորապես՝ Թուրքիան, ղարաբաղյան խաղաղ գործընթացում դերակատարություն չի կարող ունենալ. Մնացականյան

Որևէ այլ ուժ, մասնավորապես՝ Թուրքիան, ղարաբաղյան խաղաղ գործընթացում դերակատարություն չի կարող ունենալ. Մնացականյան

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ շուրջ 11 ժամ ունեցած բանակցություններից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մնացականյանը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականին տված մեկնաբանությունում նշել է, որ գործընթացը բավական բարդ էր:

«Մեզ համար, իհարկե, առաջնային խնդիրն էր, որպեսզի մենք հասնեինք մի իրավիճակի, երբ կկարողանանք վերջ դնել այս ագրեսիային: Ագրեսիան այս պարագայում առանձնահատուկ էր, որովհետև Ադրբեջանի գործողությունները համալրված էին բավական բաց և ուժգին աջակցությամբ Թուրքիայի կողմից և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ: Փաստորեն, մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղում կռվում էին բավական յուրահատուկ պայմաններում, երբ, բացի Ադրբեջանից կար նման ուժգին հարձակում՝ նման ուժերի ներգրավմամբ»,- ասել է Մնացականյանը:

ՀՀ արտգործնախարարը նշել է, որ տարածաշրջանում իրավիճակը մնում է բավական փխրուն, անհրաժեշտ է հասնել կրակի դադարեցման:

«Տարածաշրջանի և առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի համար սա դարձել էր բավական լուրջ մարտահրավեր և որևէ առաջընթացի մասին խոսելն առանց ավարտ դնելու, վերջնակետ դնելու այս իրավիճակին, իհարկե, անհնար կլիներ : Այն, ինչ բավական երկար բանակցությունների ընթացքում մենք կարողացանք արձանագրել, այն է, որ մեզ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, դադարեցնել այս վայրագությունը, այս պատերազմը, ամրագրել, ամրապնդել այս դադարը և հետո նոր խոսել խաղաղ գործընթացի մասին և նաև վերահաստատել, որ Մինսկի խմբի համանախագահությունը մնում է այն միակ ձևաչափը, որը միջազգայնորեն ճանաչված հարթակն է բանակցությունների և խաղաղ գործընթացի համար»,- նշել է նախարարը:

Մնացականյանը հավելել է, որ որևէ այլ ուժ, մասնավորապես՝ Թուրքիան, այդ առումով որևէ դերակատարություն չի կարող ունենալ:

«Առաջին խնդիրն այս ճգնաժամն ավարտին հասցնելն է»,- եզրափակել է Մնացականյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: