չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատվեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից․ Նիկոլ Փաշինյանի  հայտարարությունը

Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատվեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից․ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը:

2021թ. փետրվարի 27-ին վարչապետի աշխատակազմ են մուտք եղել Հանրապետության նախագահի առարկությունները վերոնշյալ նախագծի վերաբերյալ:

Նախագահի կողմից ներկայացված առարկությունները վարչապետի կողմից չեն ընդունվել, ինչի մասին 2021թ. փետրվարի 28-ին գրություն է ուղարկվել Հանրապետության նախագահին՝ համապատասխան հիմնավորումներով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և չի դիմել Սահմանադրական դատարան, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 6-րդ մասը և նույն օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը` 2021թ. մարտի 10-ից ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից»:

  • Կիսվել: