հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Օնիկ Գասպարյանի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը հակասում է նրա՝ նախկինում արած հայտարարություններին, թող ապացուցի․ Էդմոն Մարուքյան

Օնիկ Գասպարյանի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը հակասում է նրա՝ նախկինում արած հայտարարություններին, թող ապացուցի․ Էդմոն Մարուքյան

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասում է իր՝ նախկինում արած հայտարարություններին, նախընտրական նպատակներով, որ գնա գյուղեր, քաղաքներ, այդ հարցը չտան՝ բա որ Օնիկ Գասպարյանը հայտարարում էր, թե 4-րդ օրն ասել է՝ պետք է կանգնեցնել պատերազմը, Փաշինյանն արձագանքի, թե ԱԺ-ում ելույթ է ունեցել և ասել, որ դա սուտ է։ Փորձում է թեման փակել, որ հանգիստ գնա ընտրությունների։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե ԳՇ նախկին Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը չի ասել՝ պետք է դադարեցնել պատերազմը։

«Այն, ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը, հերքում է Օնիկ Գասպարյանը, հետևաբար իմ մոտեցումը հետևյալն է՝ Փաշինյանի՝ մարտի 1-ին արված հայտարարությունն առ այն, որ Օնիկ Գասպարյանը և ԳՇ գեներալները Սերժ Սարգսյանի հրահանգով են գրել, ստորագրել այդ փաստաթուղթը, մինչ օրս ոչ մի ապացույց չի ներկայացվել։ Հանիրավի մարդկանց մեղադրում են և փորձում վարկաբեկել այն ժամանակ, երբ այդ մարդկանց հետ էլ ճանապարհ չունեն անցնելու։ Ո՞նց եղավ, որ հենց իրարից բաժանվում են, սկսում են իրար մասին ասել ինչ-որ բաներ, որոնց վերաբերյալ հանրությունը որևէ ապացույց չունի»,-ասաց պատգամավորը՝ նշելով, թե ինքը չի պատրաստվում ծանոթանալ ԱԽ նիստի արձանագրությանը, քանի որ միևնույն է՝ հրապարակել չի կարող։

«Քանի որ վարչապետն ինքն է գաղտնի տեղեկություն հրապարակել՝ ԱԽ նիստի արձանագրությունից հղում արել, հետևաբար ինքն էլ պետք է ապացուցի hրապարակայնորեն, որ ինքն է ճիշտ ասում, ոչ թե գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։ Պետք է քննություն լինի, այլապես ով ամբիոնից ավելի բարձր է կարողանում գոռալ, պարզվելու է՝ ինքն է ճիշտ ասում։ Կա՛մ փաստահավաք խումբ է ստեղծվում, կա՛մ վարչապետը հրապարակում է ապացույցները։ Ընդ որում՝ նաև ասում էր՝ կհրապարակի ապացույցներ, որ Սերժ Սարգսյանն է հրահանգել Օնիկ Գասպարյանին ու գեներալներին՝ հայտարարություն տարածել, թող դա էլ հրապարակի»,-ասաց Մարուքյանը, ապա շարունակեց, թե ինքն այլ տեղեկություններ ունի։

«Իմ տեղեկությամբ՝ եղել է հետևյալ պատմությունը՝ երբ երկրում ստեղծվել են ներքաղաքական ցնցումներ, ԳՇ պետը սկսել է հանդիպումներ տարբեր ուժերի հետ, վարչապետը դրանից տեղյակ է եղել, հետո ասել՝ եթե դու հանդիպել ես, ուրեմն՝ նրանց հետ համագործակցում ես, ուզում եք ռազմական հեղաշրջում անել, դա լուրջ չէ»,- ասաց պատգամավորը։

  • Կիսվել: