երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ողջունում ենք Ադրբեջան-ՀՀ հարաբերությունների դրական դինամիկան և Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման առաջընթացը. Բոճորիշվիլի

Ողջունում ենք Ադրբեջան-ՀՀ հարաբերությունների դրական դինամիկան և Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման առաջընթացը. Բոճորիշվիլի

Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների դրական դինամիկան և հույս հայտնում, որ այս գործընթացը կնպաստի տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը։ Այս մասին Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին՝ Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո, տեղեկացնում է Վրաստանի առաջին ալիքը,

Նշվում է, որ նա ասել է, որ Վրաստանն իր կողմից պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության, կայունության և կառուցողական համագործակցության ամրապնդման գործում։

«Մենք ողջունում ենք նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը»,-հավելել է Բոճորիշվիլին։

Ըստ նախարարի՝ հանդիպման արդյունքներով ստորագրվել է համատեղ հռչակագիր, որտեղ արտացոլված են փոխգործակցության հիմնական ուղղությունները. «Վրաստանին Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապում են ռազմավարական գործընկերությունն ու բազմակողմ համագործակցությունը»:

Բոճորիշվիլին նաև վերահաստատել է, որ Վրաստանը պատրաստակամ է նաև ապագայում նպաստել տարածաշրջանային կայունությանը։

«Մեր ընդհանուր նպատակն է մեր տարածաշրջանը վերածել համագործակցության, տնտեսական զարգացման, փոխկապակցվածության ու բարօրության տարածքի, որտեղ պետությունները կկարողանան լիարժեքորեն իրացնել առկա ներուժը և էլ ավելի խորացնել ընդհանուր շահերի վրա հիմնված գործընկերությունը»,-ասել է նա:

  • Կիսվել: