Ո՞վ տվեց բորենիներին հրաման, որ բռնություն գործադրեն պատգամավորի նկատմամբ. ընդդիմադիր
Համոզված եմ, որ որեւէ հատուկ նշանակության ստորաբաժանում, որեւէ տեղում հայտնվելու համար ստանում է կոնկրետ հրաման կոնկրետ անձից կոնկրետ հիմնավորմամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ դիմելով ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին:
«Հիմա ով տվեց հրաման, ինչ հիմնավորմամբ 60-ից ավելի բորենիները՝ կարմիր բերետները հայտնվեցին կուսակցության (ՀՅԴ) գրասենյակի առաջ: Ով տվեց հրաման, ինչ հրաման տվեց եւ ինչ հիմնավորմամբ նրանք սկսեցին բռնություն գործադրել ԱԺ պատգամավորի նկատմամբ մայիսի 27-ին եւ փակել Վեհափառի ճանապարհը մայիսի 28-ին: Թե՞ այդ ստորաբաժանումները գործում են ինքնուրույն, առանց որեւէ մեկի հրամանի»,-ասաց նա:
«Ի պատասխան փոխնախարարն ասաց. «Օրենքով կան հստակ ոստիկանությունում հրամանատարական շղթային վերաբերող կառուցակարգեր, եւ ով ինչ իրավասություններ ունի»:
Նիստը վարողներից ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը կոչ արեց ընդդիմադիր պատգամավորին իր բառապաշարի մեջ կոռեկտ լինել:
«Ես գիտեմ՝ ինչ բառեր կարող եմ օգտագործել: Դուք չէ, որ պետք է սահմանեք իմ բառապաշարը»:



