Ո՞ւր են այն հրաշքները, այն ՔՊ–ականները, Փաշինյանը, որ ասում էին, թե Իրանը երջանիկ է TRIPP-ով. Հայկ Մամիջանյան
Ո՞ւր են այն հրաշքները, այն ՔՊ–ականները, Փաշինյանը, որ ասում էին, թե Իրանը երջանիկ է TRIPP-ով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով նրան, որ Իրանից անհանգստություններ են հնչում «Թրամբի ուղու» հետ կապված, ասում են՝ դա «Զանգեզուրի միջանցքի» տրամաբանությամբ է և իրենք խնդիր են տեսնում, որ կարող է ՆԱՏՕ-ն այնտեղ լինել և անվտանգային խնդիրներ առաջանալ իրենց համար։
«Քիչ էր մնում ասեին՝ Իրանն է այդ TRIPP–ը առաջ բրդել, այնքան է Իրանին դուր եկել, չեք պատկերացնում։ Բա թող պատասխանեն հիմա դրան, բա մենք խոսում էինք այդ պրոբլեմների մասին։ Այդ ո՞նց է ստացվել, որ ամբողջ աշխարհը այս նախագիծը անվանում է միջանցքային տրամաբանություն, ԱՄՆ նախագահը 10 վայրկյան ստորագրելուց հետո, ամերիկյան փորձագետներ, եվրոպական փորձագետներ, ռուսական փորձագետներ, հայկական փորձագետներ, և մենակ Փաշինյանը տողերի արանքում կարդացել է, որ սա միջանցքային տրամաբանություն չի։ Շատ ցավալի է, որ այն, ինչ մենք ասել էինք ստորագրումից օրեր անց, մենք բոլորս ուշադրություն ենք դարձնում միայն այն ժամանակ, երբ դա ասում է այս կամ այն արտաքին դերակատարը»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է նրան, որ Ռուսաստանից հայտարարություն է հնչել, որ իրենք ևս ներկայություն են ուզում ունենալ TRIPP–ում, հնարավո՞ր է հավասարակշռել և այնպիսի որոշում կայացնել, որ իսկապես բոլոր կողմերին բավարարի, Մամիջանյանն ասաց. «Այո, հնարավոր է, դրա համար գոյություն ուներ երաշխավորների ինստիտուտ հասկացությունը, գոյություն ուներ Մինսկի խումբը, որը միջազգայնորեն ճանաչված ձևաչափ էր, որում ներկայացված էին կարևորագույն բոլոր դերակատարները։ Ընդ որում Հայաստանի համար նպաստավոր կազմով։ Այդ ամեն ինչը դադարեցվեց, վերացվեց։
Դե հիմա այն աշխարհաքաղաքական «բորշը», որ իրենք եփել են, ամենաահավորը այն է, որ եփել են իրենք, իսկ ուտելու ենք բոլորս, ու վստահեցնում եմ ձեզ՝ դա համեղ կերակուր չի լինելու»։


