հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նրա առաքելությունը ամեն ինչ տեսնելն ու լռելն է. Աննա Գրիգորյանը՝ ՀՀ նախագահի մասին

Նրա առաքելությունը ամեն ինչ տեսնելն ու լռելն է. Աննա Գրիգորյանը՝ ՀՀ նախագահի մասին

Այստեղ նստող անձը ոչ թե ՀՀ նախագահն է, այլ ՔՊ խմբակի կողմից ընտրված, կամ ավելի ճիշտ՝ Նիկոլի կողմից նշանակված խամաճիկը: Այս մասին «Դիմադրության» շարժման բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Վահագն Խաչատուրյանն այդ պաշտոնին է գործուղվել, ոչ թե Սահմանադրությունը, այլ ՔՊ շահերը պաշտպանելու համար:

«Նա այստեղ է եկել, որպեսզի լռի, իր հիմնական առաքելությունն այստեղ ամեն բան տեսնելը և ամեն ինչի մասին լռելն է: Նա լռում է, երբ խախտվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, երբ ՀՀ սուվերեն տարածքից առևանգվում է հայ զինծառայող: Այստեղ նստած անձը դակում, ստորագրում է ցանկացած օրենք, որը գալիս է ԱԺ-ից, բայց ծպտում չի հանում, երբ հրապարակվում է Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությունը, որն ուղղակի շանտաժի մասին էր: Այստեղ նստող մարդը պետք է Սահմանադրության ոգին ու տառը պահեր, նորից լռում է, երբ քաղաքական ճգնաժամ կա, երբ հատուկ միջոց է կիրառվում ժողովրդի նկատմամբ, հետապնդվում է ցանկացած մեկը, որն այլախոհ է»,- ասաց պատգամավորը և ցույց տվեց քաղբանտարկյալների նկարները:

Աննա Գրիգորյանի կարծիքով՝ խորհրդարանական երկրում  նախագահական ինստիտուտն անարգվել է և հիշեցրեց, որ նախկին նախագահը՝ Արմեն Սարգսյանը, հրաժարական է ներկայացրել մեկ այլ երկրի տարածքից:

«Այստեղ նստողը հրաժարական չի տվել, բայց միևնույն է՝ չկա: Նրա փոխարեն ցանկացած մեկը լիներ՝ նույն բանն էր լինելու, կամ առհասարակ, եթե նրա աթոռը թափուր լիներ, դրանից որևէ բան չէր փոխվելու, որովհետև նա ունի 0 գործառույթ, որը վերաբերում է երկրի շահերին»,- հայտարարեց Գրիգորյանը և շեշտեց, որ չնայած այդ ամենին իրենք  ժողովրդի հետ վերկանգնելու են Սահմանադրության տառն ու ոգին:

  • Կիսվել: