չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Նիկոլ Փաշինյանը փորձում է եկեղեցուն մի կողմ հրել, որ հակապետական գործողություններ անի. Ասլանյան

Նիկոլ Փաշինյանը փորձում է եկեղեցուն մի կողմ հրել, որ հակապետական գործողություններ անի. Ասլանյան

Մենք թեոկրատիկ երկիր չենք, աշխարհիկ երկիր ենք և աշխարհիկ իշխանությունն իրավունք չունի մտնելու հոգևոր աշխարհ։ Այս մասին, այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ից հեռացված Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պետք է եկեղեցու հավատավոր հետեւորդներից համակարգող խումբ ձեւավորել, որը պետք է զբաղվի Գարեգին Բ կաթողիկոսին վեհարանից հանելու խնդրով։

«Ես գտնում եմ, որ այն, ինչ այսօր արվում է Հայոց եկեղեցու հանդեպ, դա շատ մեծ սխալ է։ Այստեղ տարբերակենք հայոց եկեղեցին և եկեղեցականը։ Վարչապետ ես, ինչ ես, վարչապետը իրավունք չունի մտնելու հոգևոր դաշտ։ Դա հոգևոր դաշտի տիրույթն է, եթե դժգոհություն կա, դա որոշելու են եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները, հոգևորականությունը և ժողովուրդը։

Իրականում այս գործընթացի հիմքում շատ ավելի խորը բան կա. Նիկոլ Փաշինյանը իմ կարծիքով պատրաստվում է հակապետական գործ անելու, և փորձում է Եկեղեցուն մի կողմ հրել, որպեսզի եկեղեցին չդառնա խոչընդոտ իր այդ գործողությունների համար:

Մենք այսօր ամեն ինչ անում ենք և փորձում ենք միավորել հենց այդ ուժերը, որ թույլ չտանք անել այն, ինչը փորձ է արվում անել։  Այսօր նրա գործողություններին հակազդելու միակ ռեալ ուժը եկեղեցին է, և նա ցանկություն ունի եկեղեցուն էլ մի կողմ տանել»,–ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ է ուզում անել վարչապետը, որ եկեղեցուն էլ վերացնում է իր ճանապարհից, Ասլանյանը պատասխանեց. «Նայեք, ասենք Ադրբեջանի հոգևոր ղեկավարության հայտարարությունները, որ արդեն ստեղծվել է արևմտյան Ադրբեջանի թեմ։  Նիկոլ Փաշինյանը մի ցանկություն ունի ամեն գնով խաղաղության այս պայմանագիրը կնքել, որպեսզի վերընտրվի։ Սա ամբողջությամբ տանում է միայն վերընտրման, նորից իշխանության ուզուրպացման գործին։

Մենք ստեղծման պահից ենք ասել, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Փաշինյանը չվերընտրվի, որովհետև անկախ նրանից, թե նախորդ տարիներին ինչ է արվել, կամ ինչ է բաց թողնվել, Փաշինյանը իրեն սպառել է և նա պետք է հեռանա»։

Հարցին՝ հնարավոր համարու՞մ է, որ կաթողիկոսին փորձեն վեհարանից հանել ուժային մեթոդով, ԱԺ պատգամավորն ասաց. «Ես դա չեմ կարող ասել։ Իմ կարծիքով  չեն գնա այդպիսի կոպիտ բիրտ ուժի օգտագործման, կարծում եմ, կփորձեն այլ ճանապարհներ։

Այս մարդիկ պատճառահետևանքային կապը չեն հասկանում։ Որպեսզի մի բան լինի, պետք է նախ և առաջ հիմքը լինի, հիմքը լինի, որպեսզի կարողանաս անել։ Մեր ժողովուրդը այսօր մեծ մասը գլուխը կորցրած չգիտի ինչ է լինելու։

  • Կիսվել: