ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նիկոլ Փաշինյանը գումար է աշխատում՝ մաքսանենգ ճանապարհով ադամանդներ ներկրելով. Միքայել Մինասյան

Նիկոլ Փաշինյանը գումար է աշխատում՝ մաքսանենգ ճանապարհով ադամանդներ ներկրելով. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ Նիկոլ Փաշինյանին միշտ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան խանգարում է, որ նա սկսի իրականացնել իր իսկ կողմից տրված խոստումները և աշխատել, որովհետև նա զբաղված է ամեն ինչով, բացի աշխատելուց:

Մինասյանը, մաանավորապես, նշեց. ՛՛Պրոցեսը կարող ենք համարել սկսած Գյումրիից, երբ նա քայլելու ընթացքում կարողացավ մարդկանց մի զանգավածի համոզել, որ կարող է ամեն ինչ, և հնարավոր է ամեն ինչ, բայց քանի կա Սերժ Սարգսյանը, ամեն ինչ անհնար է՛՛:

Նրա խոսքով՝ հայ ժողովրդի մի մասը հավատեց, կուրորեն հետևեց Նիկոլ Փաշինյանին, Սերժ Սարգսյանը հեռացավ, և Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ նաև խանգարում է Կարեն Կարապետյանը:

Մինասյանը շարունակեց. ՛՛Կարեն Կարապետյանն էլ հեռացավ և Նիկոլ Փաշինյանն ասաց,՝ գիտեք, որ ես այդ ամենն իրականացնեմ, փոքր բան է մնացել, ես պետք է դառնամ ՀՀ վարչապետ: Դա էլ եղավ, կարծես ամեն ինչ լավ էր, կախարդական փայտիկը կար, երջանկությունը եկել էր, ոչինչ չէր խանգարում, բայց պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սեփական օգտագործման քաղաքապետը՛՛:

Այնուհետև, ըստ Մինասյանի,Փաշինյանին անհրաժեշտ եղավ սեփական օգտագործման Ազգային ժողով: «Ազգային ժողովը լուծարվեց, ընտրողների մեծամասնությունն ընտրեց աննախադեպ քանակով իմքայլականների և այն մարդկանց, ովքեր չեն ուզում խանգարել կամ չէին ուզում խանգարել, այսպես կոչված, հեղափոխությանը»,- ասաց նա:

Սրանից հետո, Մինասյանի խոսքով, պարզվեց Նիկոլ Փաշինյանին խանգարում էին ՛՛վնգստացող՛՛ դատավորները կամ դատական համակարգը:

Այս առնչությամբ Մինասյանը նշեց. ՛՛Հրայր Թովմասյանի նկատմամբ սկսվեցին խայտառակ ճնշումներ, ՍԴ անդամների վրա սկսվեցին ակնհայտ ճնշումներ: Նիկոլ Փաշինյանը 2 բան հաշվի չէր առել. ՍԴ անդամները ակնհայտ ազնիվ, պինդ և հայրենասեր մարդիկ դուրս եկան և մի հետաքրքիր բան. միջազգայինն հանրությունը հիշեց, որ գոյություն ունի և գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունը՛՛:

Նախկին դեսպանը հավելեց, որ  այս ամենից հետո Փաշինյանը որոշեց, որ պետք է գնալ հանրաքվեի, որից հետո մարդիկ, ինչպես նշում է Մինասյանը, սկսեցին չմասնակցել այդ թատրոնին:

Ըստ Մինասյանի՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ն ներքաշել է միջազգային մաֆիոզ համակարգի մեջ ու գումար է աշխատում՝ մաքսանենգ ճանապարհով ադամանդներ ներկրելով: 

Նա, մասնավորապես, մշեց. ՛՛Նիկոլ Փաշինյանն աշխատելու փոխարեն սիրում է նստել, իր օլիգարխիկ ընտանիքի անդամների հետ մշակել նոր համակարգեր, որի մաս է կազմում նաև ՀՀ-ն՝ իր միջազգային հեղինակությամբ: Սխեման հետևյալն է. ՀՀ Հնդկաստանից մաքսանենգ ճանապարհով ներմուծվում են ադամանդներ, դրանք տարվում են հայտնի երկու-երեք գործարաններ, որտեղ դառնում են «հայկական», որովհետև Էկոնոմիկայի նախարարությունը պարտավոր է տալ փաստաթղթերի ամբողջ փաթեթը, թե ինչպես դրանք դարձան հայկական:

Նաև հայկական քվոտաներ են տալիս այդ ընկերություններին, և հայկական քվոտաների ներքո այդ հնդկական ադամանդները, որոնք դարձել են հայկական, արտահանվում են այլ երկրներ: Հայկական քվոտաներով արտահանվում են երկրներ՝ առանց ոչ մի հարկ, ոչ մի մաքսային տուրք մուծելու՛՛:

Մինասյանը որպես ապացույց վիճակագրական տվյալներ ներկայացրեց՝ ասելով. ՛՛Ձեզ հետաքրքիր մի բան ասեմ. ըստ պետական վիճակագրության՝ Հայաստանը 2020 թվականի առաջին եռամսյակում ունեցել է 20 միլիարդ, որպեսզի այդ 20 միլիարդի ադամանդները կարողանաս աշխատել, ստեղծել, կազմակերպել այդ գործընթացը, ըստ միջին ստատիստիկ տվյալների՝ Հայաստանում պետք է ունենաս ավելի քան 1400 աշխատող: Թիվն իրականում աննախադեպ է: Ի դեպ, տնտեսական էքսպորտի թիվը եղել է 8,7 տոկոս, հետևաբար դա շատ զգալի է մեր ամբողջ տնտեսության մեջ՛՛:

Նրա խոսքով՝ Հայաստանում կա գրանցված ոչ ավել, քան 400 մասնագետ: Հետևաբար, ըստ Մինասյանի, այդքան աշխատակցի միջոցով անհնարին է այդ քանակը ստանալ: Նա աասաց. ՛՛Ավելացնեմ մի բան էլ, որ ձեզ համար պարզ լինի. Հայաստանում, որ դա անես, պետք է լինեն մեծ գործարաններ, այդ գործարանները պետք է սպառեն մեծ էլեկտրական էներգիա, հարկ պետք է տան 1400 հոգու համար, սակայն այդ ամենը չկա: Կա միայն մեկ թիվ, որ ՀՀ-ից արտահանվել է 20 միլիարդի ադամանդ և ոսկի՛՛:

Ըստ Մինասյանի՝ այդ համակարգը ստեղծված է և ղեկավարվում է Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի կողմից: Նա նշեց. ՛՛Այդ մարդիկ Հայաստանի միջազգային հեղինակության հաշվին կազմակերպել են միջազգային մաֆիոզ ներմուծման և արտահանման համակարգ՛՛:

«Մարդիկ ապուշ չեն, և սկսել են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը հարցեր տալ՝ «բա այդ ադամանդները որտեղի՞ց եկան, ինչպե՞ս ստեղծվեց այդ համակարգը, ինչո՞ւ դա չկար, այդ երեք ամսում ինչպե՞ս դուք 20 միլիարդի ադամանդ արտահանեցիք»,-ընդգծեց նախկին դեսպանը:

Մինասյանը շեշտեց, որ իր ողջ պամածն արտացոլված է վիճակագրության թվերում: Նա ասաց. ՛՛Ես խնդրում եմ Նիկոլ Փաշինյանին, որ իր մութ և զզվելի ընտանեկան բիզնեսները փորձի գոնե Հայաստանի ներսում անել, ՊՆ հաշվին է նա ինչ-որ բաներ սղացրել, ելակների պատմությունը կա, այդ բոլոր պրոցեսները կան, դա շատ վատ է, բայց գոնե մեր մեջ է: Բայց, երբ դուք դա արդեն անում եք սահմաններից դուրս, բացի այն, որ խայտառակ եք անում մեզ, մեր երկիրը դարձնում եք երրորդ երկիր, դուք նաև հետագայում այնպիսի խնդիրներ եք ստեղծելու, որի տակից մենք ենք դուրս գալու, ժողովուրդն է դուրս գալու՛՛:

Որպես եզրափակիչ խոսք՝ Մինասյանը վստահեցրեց, որ շատ-շատ լավ է լինելու: «Հայաստանին իսկապես սպասվում է լավ ապագա»,-ասաց նա:

 

 

 

  • Կիսվել: