երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանը՝ 1996-ին ԵԱՀԿ-ի լիսաբոնյան գագաթնաժողովում ընդունված բանաձևի մասին

Նիկոլ Փաշինյանը՝ 1996-ին ԵԱՀԿ-ի լիսաբոնյան գագաթնաժողովում ընդունված բանաձևի մասին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարականից հետո հրապարակված հոդվածում հայտարարում է, որ Ղարաբաղի հարցին փորձագիտական մակարդակով տիրապետում է 6 մարդ՝ Արկադի Ղուկասյանը, Ռոբերտ Քոչարյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վարդան Օսկանյանը, Ժիրայր Լիպարիտյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը:

Այդ մասին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա մանրամասնեց, թե ինչ տեղեկատվության էին տիրապետում վերը նշված գործիչները:

«Մեծ հաշվով, ոչ մի գաղտնիք չկար, որովհետև բոլոր գաղտնիքները ձևակերպված էին հրապարակային փաստաթղթերում, որոնք, սակայն, այն ժամանակ ուղիղ հասանելի չէին հանրությանը, որովհետև ինտերնետ և սոցիալական ցանցեր այն ժամանակ չկային»,- ասաց Փաշինյանը և ընդգծեց, որ այնպես չէր, որ հանրությունը դրանց մասին ոչինչ չգիտեր, թեև դրանց թվում կային նաև գաղտնի փաստաթղթեր:

«Պարզապես փորձագետները չէին բարձրաձայնում փորձագիտական գնահատականներ և չէին ասում, որ Ղարաբաղի առաջին պատերազմի ընթացքում, ավելի կոնկրետ՝ 1993 թվականին ընդունված ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերը, որոնք արձանագրում են Ադրբեջանի 7 շրջանների գրավումը հայկական ուժերի կողմից (ես հիմա օգտագործելու եմ այդ բանաձևերի ձևակերպումները), պահանջում են անհապաղ և առանց նախապայմանների զորքերի դուրսբերում այդ տարածքներից, անթույլատրելի են համարում ուժի կիրառումը տարածքներ ձեռք բերելու համար, ԼՂ-ն անվանում են ադրբեջանական հանրապետության ռեգիոն: Ահա այդ բանաձևերն ուղղակի թղթի կտորներ չեն, և դրանց՝ մոռացության մատնելը հեշտ չի լինի, և 1996 թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում տեղի ունեցածը, որքան էլ իրավական ուժ չունենա, միջազգային հանրության դիրքորոշում է, որը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և վերջինիս սահմաններում ԼՂ-ի համար բարձր ինքնավարություն նախատեսում:

Միջազգային հանրության կողմից լիսաբոնյան այս արձանագրումն արվել է ոչ թե ԵԱՀԿ գագաթնաժողովի ընդունած բանաձևի, այլ գագաթնաժողովի գործող նախագահողի հայտարարության ձևով, որը, որպես հավելված, 1996 թվականի դեկտեմբերի 3-ին հրաարակվել է Լիսաբոնի գագաթնաժողովի փաստաթղթերի հետ:

Խնդիրն այն է, որ նույնաբովանդակ բանաձևը ԵԱՀԿ-ն չի ընդունել Հայաստանի կիրառած վետոյի պատճառով, որովհետև ԵԱՀԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով: Այսինքն՝ բոլոր անդամները, առանց բացառության, պետք է լինեն կողմ, եթե գոնե 1-ը դեմ է, որոշումը չի ընդունվում: Եվ Հաայստանը ԵԱՀԿ անդամ միակ երկիրն է եղել, որ դեմ է արտահայտվել այդ փաստաթղթին: Եվ ահա բանաձևին՝ Հայաստանի չմիանալուց, չհամաձայնելուց հետո, ԵԱՀԿ մյուս երկրները անհրաժեշտ են համարել ԵԱՀԿ գործող նախագահողին լիազորել նույնաբովանդակ հայտարարություն անել, և նախագահողն էլ իր հայտարարության մեջ արձանագրում է, որ հայտարարության մեջ հիշատակված սկզբունքները պաշտպանում են ԵԱՀԿ անդամ բոլոր երկրները՝ բացի Հայաստանից»,- ասաց Փաշինյանը և հիշեցրեց, որ ԵԱՀԿ անդամ այդ երկրների ցանկում էին ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներից 4-ը, ԵԱՀԿ ՄԽ անդամ և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ հանդիսացող բոլոր երկրները:

  • Կիսվել: