ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նենսի Փելոսին գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում և Հայոց ցեղասպանության թանգարանին հանձնել հուշանվեր (լուսանկարներ)

Նենսի Փելոսին գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում և Հայոց ցեղասպանության թանգարանին հանձնել հուշանվեր (լուսանկարներ)

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 18-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Նա անդրադարձ կատարեց Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազտամարտիկների պատմություններին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը Հայոց ցեղասպանության շարունակությունն էր: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

Տիկին Նենսի Փելոսին ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո ԱՄՆ-ից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Նրանք Էդիտա Գզոյանի ուղեկցությամբ շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Տիկին Փելոսին առանձնակի ուշադրությամբ ծանոթացավ նրա այցի կապակցությամբ բացված ցուցադրությանը, որտեղ ներկայացված էին Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կազմակերպության (Near East Relief) գործունեությունը և ԱՄՆ-ի տարբեր նահանգային իշխանությունների կողմից ընդունված հայտարարություններ, որոշումներ, բանաձևեր Հայոց ցեղասպանության մասին: Էդիտա Գզոյանը նշեց, որ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կազմակերպության ջանքերով և ամերիկյան կառավարության ու ժողովրդի գործադրած մարդասիրական ջանքերի շնորհիվ վերահաս ոչնչացումից փրկվեցին հարյուր հազարավոր հայեր, ինչպես նաև Մերձավոր Արևելքի կարիքավոր մյուս ժողովուրդների հազարավոր ներկայացուցիչներ: Տիկին Նենսի Փելոսին նաև գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը հյուրին նվիրեց 1890-1922 թթ․ ամերիկյան մամուլում (“The Boston Daily Globe”, “The New York Times”, “The Christian Science Monitor”, “The Washington Post”) հրատարակված հայկական կոտորածներին և Հայոց ցեղասպանության մասին հոդվածների հատորներ: Այցի ավարտին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած ներդրման համար ՀՑԹԻ փոխտնօրեն Էդիտա Գզոյանը Նենսի Փելոսիին պարգևատրեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի «Հենրի Մորգենթաու» հուշամեդալով: Իր հերթին տիկին Փելոսին Հայոց ցեղասպանության թանգարանին հանձնեց հուշանվեր:

 

  • Կիսվել: