հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Նախագահը հանդիպում է ունեցել ժամկետային զինծառայողների հետ, ծանոթացել վարժանքների պայմաններին

Նախագահը հանդիպում է ունեցել ժամկետային զինծառայողների հետ, ծանոթացել վարժանքների պայմաններին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք։ Վարդենիսի համայնքապետարանում նախագահը հանդիպել է Տեղական ինքնակառավարման մարմինների վարչական ղեկավարների հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նախագահին է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ագրեսիայի ընթացքում Վարդենիս համայնքի հրետակոծության հետևանքները և դրանց վերացմանն ուղղված կառավարության և մարզային իշխանությունների կողմից իրականացվող միջոցառումները:

 

Նախագահ Վահագն Խաչատուրյանն առաջարկել է առաջնային խնդիրների մասին ավելի հանգամանալից տեղեկություններ ներկայացնել և պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների ու հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց լուծմանը:

Աշխատանքային այցի շրջանակում նախագահը հանդիպում է ունեցել նաև Գեղարքունիքի մարզում ուսումնավարժական հավաքի մասնակիցների և ժամկետային զինծառայողների հետ, ծանոթացել վարժանքների պայմաններին, անմիջական մթնոլորտում զրուցել զինծառայողների հետ։

  • Կիսվել: