երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մտավախություն ունեմ, որ «3+2» ֆորմատը կարող է փորձեն չեզոքացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը. Արա Այվազյան

Մտավախություն ունեմ, որ «3+2» ֆորմատը կարող է փորձեն չեզոքացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը. Արա Այվազյան

Երեկ հայտարարվեց, որ եւ Հայաստանը, եւ Թուրքիան պայմանավորվել են հատուկ ներկայացուցիչ նշանակել երկխոսության ծավալման համար, եւ հայտնի ֆիլմը հիշելով, ասում են՝ բարեկամների հետ մոտիկ եղիր, բայց թշնամիների հետ ավելի սերտ: Այս մասին, այսօր ԵՊՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը:

Նա հիշեցրեց, որ տարբեր ժամանակներում հայաստանի կողմից եղել է ձգտում առանց նախապայմանների երկխոսություն ծավալել, որը որոշ ընթացք ունեցել է, բայց բավական երկար ժամանակ որեւէ երկխոսություն չկար Թուրքիայի հետ. «Անշուշտ, պետք է տարբերակել նորմալ պայմաններն ու այսօրվա իրավիճակը, հատկապես Թուրքիայի ուղղակի ներգրավվածությունը վերջին պատերազմում, եւ հնչեցվող նոր նախապայմանները Հայաստանի նկատմամբ: Շատ կարեւոր է, որ մեր ԱԳն-ի գործընկերները շատ լավ հասկանան, թե ինչ օրակարգով են տանելու բանակցությունները: Ես այսօր ուշադրություն դարձրի, որ ԱԳՆ խպոսնակը հայտարարել է, որ առանց որեւէ նախապայմանների է լինելու: Մյուս կողմից տեսնում ենք, որ մեկնարկ տրվեց 3+2 գործընթացին, եւ ես հուսով եմ, որ մեր դիվանագետները շատ լավ հաշվարկում են այն սպառնալիքները, այն մարտահրավերները որոնք կարող են առաջանալ այս ֆորմատի հետագա աշխատանքի հետ կապված»,-ընդգծեց նախկին նախարարը:

Հարցին, թե որքանով կարող է այդ նոր ֆորմատը խանգարել Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափին, Արա Այվազյանը պատասխանեց. «Պաշտոնական Երեւանի կողմից հայտարարվում է, որ 3+2 ֆորմատը չպետք է կրկնի գործառույթները, որոնք տեղի են ունենում այլ ֆորմատներում, բայց մեզ քաջ հայտնի է եւ Անկարայի, եւ Բաքվի հայտարարություններն ու նպատակները: Ես մտավախություն ունեմ, որ «3+2» ֆորմատը կարող է փորձել չեզոքացնել ու ստվերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատը: Վստահ եմ, որ մեր գործընկերները դա լավ հաշվարկում են»:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը հարաբերությունները կարգավորելու համար կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ։

ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել էին, որ Հայաստանը Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի։

Էդուարդ Աղաջանյանն ասաց, թե դեռ որոշված չէ՝ ով է լինելու Հայաստանի ներկայացուցիչը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: