ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մոսկվան աշխատում է Երևանի և Բաքվի հետ տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան աշխատում է Երևանի և Բաքվի հետ տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը շարունակում է առարկայական աշխատանքը Երևանի և Բաքվի հետ՝ Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։
Նա նշել է, որ աշխատանքը փաթեթային լուծում է ենթադրում կոնկրետ երթուղիների վերաբերյալ։
 
«Դրանք պետք է հիմնված լինեն Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության և հարգանքի սկզբունքների վրա ու նպաստեն տարածաշրջանի անվտանգությանն ու տնտեսական բարեկեցությանը»,-ասել է Զախարովան:
 
Զախարովան նշել է, որ դեռևս տվյալներ չունի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ խմբ) աշխատանքի  ժամկետների մասին։
 
Ավելի վաղ Թուրքիայի առևտրի փոխնախարար Ռեզա Թունա Թուրագայը հայտնել էր, որ Անկարան Մոսկվայի հետ քննարկում է «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ խմբ) բացման հարցը և ակնկալում է միջանցքի բացումը շատ մոտ ապագայում։

«Ես տեղեկություն չունեմ ռուս գործընկերների հետ Թուրքիայի առևտրի նախարարության շփումների մասին, կարող եմ միայն ասել, որ Ռուսաստանը շարունակում է բովանդակալից աշխատանքը Բաքվի և Երևանի հետ՝ Հարավային Կովկասում տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով, և աշխատանքային խմբի շրջանակում, մենք հաշվի ենք առնում կոնկրետ երթուղիների շուրջ փաթեթային լուծման համաձայնությունը, որը հիմնված կլինի Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վրա»,- ասել է Զախարովան։

  • Կիսվել: