Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել Գարեգին Բ-ի և Արամ Ա-ի հետ
Այսօր հեռախոսազրույց ունեցա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ՝ իմ շնորհավորական խոսքն ուղղելով Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ, հայտնում է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։
«Վեհափառի հետ զրույցում առանձնապես կարևորեցի այս դժվարին օրերին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը մեր հավատացյալ ժողովրդի հոգևոր առողջության և ամրության մեջ և վստահություն հայտնեցի, որ Քրիստոսի Հարության և կյանքի հաղթանակի բարի ավետիսը նոր ուժ և իմաստություն կբերի աշխարհին: Այնուհետև Վեհափառի հետ քննարկեցինք Կորոնավիրուսի հետևանքով պետության դեմ ծառացած մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները, մասնավորապես, հեռավար կրթության ոլորտում առկա հնարավորություններն ու արդյունավետության բարձրացման համար ներդրվող ջանքերը:
Շնորհավորական խոսքով հեռախոսազրույց ունեցա Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ՝ կարևորելով եկեղեցու և հավատքի դերը աշխարհասփյուռ հայության կյանքում և հույս հայտնելով, որ Տիրոջ Սուրբ Հարության տոնը առողջություն և նոր սկիզբ կդառնան մեր ժողովրդի համար: Վեհափառի հետ զրույց ծավալեցինք համավարակի բերած դժվարությունների վերաբերյալ, ինքս նշեցի, որ Հայաստանի կառավարությունն անում է հնարավորն ու անհնարինը երկիրը նվազագույն կորուստներով այս պայքարից դուրս բերելու համար, կարևորեցի այս պայմաններում կրթության իրավունքի և շարունակականության անխախտությունն ու այս ուղղությամբ ձեռնարկված քայլերը: Անշուշտ, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ զրույցում անդրադարձ կատարեցինք Լիբանանի հայ համայնքում տիրող իրավիճակին, մեր հայրենակիցների առողջական և սոցիալական խնդիրներին»,- հայտնում է Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ։


