հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Միտում եմ տեսնում, որ Սյունիքը որպես անվտանգային խոցելի գոտի առանձնացնում են. Փաշինյան

Միտում եմ տեսնում, որ Սյունիքը որպես անվտանգային խոցելի գոտի առանձնացնում են. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քաղաքացիներից մեկը հարց-մտահոգությամբ դիմեց` նշելով, որ բանավոր խոսույթում արծարծվում է Մեղրիի, ընդհանրապես` Սյունիքի մարզի` ոչ անվտանգ լինելու հարցը: Արդյոք ինչ-որ սպառնացող վտա՞նգ կա Սյունիքին` հարցին վարչապետը պատասխանեց.

«Նաև որոշ միջազգային գործընկերներ երբեմն իրենց քաղաքացիներին խորհուրդ չեն տալիս գնալ հարավ, ինչը բիզնեսի համար որոշակի դժվարություններ է ստեղծում: Մյուս կողմից պետք է արձանագրեմ, որ ՀՀ Կառավարությունը բազմամիլիարդ ծրագրեր է իրականացնում ամբողջ հանրապետությունում և Սյունիքի մարզում մասնավորապես: Վերջին հինգ տարիներին ամենամեծ ներդրումներն արել ենք Սյունիքի մարզում` ես նկատի ունեմ Կառավարության կողմից ուղիղ ծրագրերը, 100 մլրդ դրամից ավելի ներդրումներ ենք արել Սյունիքի մարզում»:

Փաշինյանը թվարկեց` Մեղրիում ինչ կարևոր իրադարձություններ են տեղի ունենում. վերակառուցվում է ՀՀ-Իրան սահմանին գտնվող մաքսակետը, ԵՄ աջակցությամբ ժամանակակից մաքսակետ է ստեղծվում, և դա շատ լուրջ աշխատատեղերի խթան է լինելու, շուտով սկսվում է Հյուսիս-հարավ մայրուղու Ագարակ-Քաջարան հատվածի կառուցումը:

«ԵՄ-ն ներդրումների և տնտեսական պլանի շրջանակներում արդեն իսկ բավական խոշոր հատկացումներ է արել Սյունիքի մարզի դիմակայունությունը բարձրացնելու համար, Կապանում գործարկել ենք օդանավակայանը, պարբերականության, տեխնիկական հագեցվածության հետ կապված որոշակյի խնդիրներ կան, երբեմն վատ եղանակի պատճառով թռիչքները չեղարկվում են: 60 կրթահամալիրների կառուցման ծրագիր է իրականացվում Սյունիքի մարզում. սա անում ենք` հստակ քաղաքական ուղերձ հղելու համար, որ Սյունիքի հետ կապված մեր բոլոր պլանները կապվում են ռազմավարական զարգացման, բարեկեցության, տնտեսական ակտիվության և այլնի հետ: Չեմ ընդունում, որ Սյունիքի մարզը կամ Մեղրին ՀՀ-ից անջատենք. երբեմն այդ միտումն եմ տեսնում, որ Սյունիքը որպես անվտանգային խոցելի գոտի առանձնացնում են»,- ասաց նա` նկատելով` այն անվտանգային խնդիրները, որ ունենք, կան և՛ Տավուշում, և՛ Արարատում, և՛ Գեղարքունիքում:

«Դրանք կան, բայց պետք չէ ո՛չ թերագնահատել, ո՛չ գերագնահատել, դրանք լուծելու համար է, որ մենք խաղաղության օրակարգն ենք որդեգրել, նաև միջազգային բավական ուժեղ կոնսոլիդացիա ենք ապահովել ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության շուրջ: Այսօր բացարձակ անվտանգություն, ցավոք սրտի, երկրագնդի վրա գոյություն չունի, այս նոր միջավայրում պետք է հուսալի անվտանգային մեխանիզմներ ձևավորենք. 100 տոկոսանոց անվտանգություն կարող է ապահովել մի բան` տևական դե յուրե արձանագրված պարտադիր խաղաղությունը, հենց դա ենք մենք ուզում ստանալ»,- ասաց վարչապետը:

  • Կիսվել: