ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Միրզոյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահն ընդգծել են Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը

Միրզոյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահն ընդգծել են Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը

Հուլիսի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր:

Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հարավային Կովկասում համապարփակ կայունության հաստատման ուղղությամբ և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային հարցերի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները: Ընդգծվել է միջազգային մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման հրամայականը:

Զրուցակիցները հանգամանորեն քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ՄԱԿ-ի արդարադատության դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի վճիռների։

 

  • Կիսվել: