ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Միքայել Մինասյանը կկալանավորվի

Միքայել Մինասյանը կկալանավորվի

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու մասին քննչական մարմնի որոշումը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է, տեղեկացնում է Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

««Չվնգստացող և մաքրամաքուր դատավորի» համբավ ունեցող Արտուշ Գաբրիելյանը բավարարեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Դատական ակտին չեմ ուզում անդրադառնալ։ Դրանում որևէ վերլուծություն չկա ավելի քան քառասուն օր տևած դատական նիստերի ընթացքում պաշտպանության կողմից վկայակոչած բազմաթիվ առարկություններից որևէ մեկի վերաբերյալ։

Հիշեցնեմ, որ մեկ տարի առաջ նույն Արտուշ Գաբրիելյանը բավարարեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական հիմնարկի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ Արտուշ Գաբրիելյանին անդրադառնալն անիմաստ է։ Նա այն անձն է, ում վերաբերյալ կարծիքները համընկնում են Փաստաբանական և իրավապահ համայնքի գրեթե բոլոր ներկայացուցիչների մոտ։ Ես ցանկանում եմ միայն, որ այս աբսուրդային և ցինիկ մեղադրանքի համար Միքայել Մինասյանին կալանավորելու համար պատվեր իջեցնողին և այն կատարողներին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը քննի Արտուշ Գաբրիելյանը», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Պողոսյանը։

Նախկին դիվանագետը, հիշեցնենք, հետախուզման մեջ է և վերջին մի քանի օրվա ընթացքում հանդես է եկել երկու տեսաուղերձով։ Նա որպես մեղադրյալ ներգրավված է Պետական եկամուտների կոմիտեում քննվող ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու քրեական գործով։ Միքայել Մինասյանը մեղադրանքները չի ընդունում։

Նշենք, որ Մինասյանը այս պահին Հայաստանում չէ:  

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: