Մինսկը հանգիստ է գնահատում Փաշինյանի իմպուլսիվ հայտարարությունները.ՌԴ-ում Բելառուսի դեսպանատուն
Բելառուսը հանգիստ է գնահատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «իմպուլսիվ հայտարարությունները» Մինսկի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Բելառուսի դեսպանատան նախարար-խորհրդական Ալեքսանդր Շպակովսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հանգիստ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի իմպուլսիվ հայտարարությունները. Մենք շարունակում ենք հարգել եղբայրական հայ ժողովրդին, ում հետ Բելառուսը դարավոր պատմական կապեր ունի»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Շպակովսկին ընդգծել է, որ Բելառուսը «չի միջամտում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, ինչպես նաև Երևանի արտաքին քաղաքականությանը»։ «Ելնելով փոխադարձության սկզբունքից՝ մենք ակնկալում ենք նմանատիպ մոտեցումներ մեր գործընկերներից և դաշնակիցներից, ուստի որոշ տարակուսանքով հետևում էինք Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչների շփումներին բելառուս քաղաքական ծայրահեղականների առաջնորդների հետ»,- նշել է դիվանագետը։
«Միևնույն ժամանակ, գործընկերների և դաշնակիցների ընտրությունը պաշտոնական Մինսկի ինքնիշխան խնդիրն է, և այս դեպքում մեզ համար անընդունելի է «կամ-կամ» մոտեցումը։ Մենք եղբայրական Ադրբեջանի հետ շփվել ենք և կշարունակենք համագործակցել բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմատեխնիկական»,- ընդգծել է Շպակովսկին։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ ինքը, ՀՀ որևէ պաշտոնական ներկայացուցիչ այլևս չի այցելի Բելառուս, քանի դեռ նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է: