ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Միջոցներ կուղղվեն Սյունիքում դպրոցների շենքային պայմանների բարելավմանը

Միջոցներ կուղղվեն Սյունիքում դպրոցների շենքային պայմանների բարելավմանը

Կառավարության պահուստային ֆոնդից ԿԳՄՍ նախարարությանը հատկացվեց 67 միլիոն 125 հազար դրամ՝ Սյունիքի մարզում կրթահամալիրների կառուցման, շենքային պայմանների բարելավման, արդիականացման, ինչպես նաև Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում գտնվող «Ճանապարհաշինարարներ» արձանի տարածքի լուսավորության համար:

«Ներկայացված գումարից 60 միլիոն դրամը նախատեսվում է հատկացնել Կապանի գյուղական բնակավայրերի կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման նպատակով ընտրված 13 բնակավայրերում կրթահամալիրների ստեղծման, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար»,- ասաց ԿԳՄՍ նախարար Դումանյանը:

Այդ բնակավայրերում նախատեսվում է ունենալ արդիական շենքային ու գույքային պայմաններ՝ համապատասխան լաբորատորիաներով, մարզադահլիճներով, այլ անհրաժեշտ պայմաններով:

«Արդիական պայմանները կծառայեն նաև որպես բնակավայրի մշակութային, սպորտային, ժամանցային միջավայր՝ դառնալով համայնքային ժամանակակից կենտրոններ: Կրթահամալիրներից 7-ը կծառայեն նաև շրջակա բնակավայրերի երեխաների համար, որի նպատակով կգործարկվեն 8 երթուղիներ՝ հատուկ այդ նպատակով գնվող տրանսպորտային միջոցներով և ուղեկցորդներով»,- ասաց նախարարը:

Նախագծով առաջարկվում է նաև շուրջ 7 միլիոն դրամ հատկացնել Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի «Ճանապարհաշինարարներ» արձանի տարածքի լուսավորության համակարգի տեղադրման համար:

Սա, ըստ Դումանյանի, կարևոր է արձանի պահպանման ու անվտանգության համար: 

«Այնտեղ, իհարկե, նաև ոստիկանության մեր գործընկերները պետք է մեզ աջակցեն: Արձանը կլուսավորվի շատ շուտով»,- ասաց նախարարը: 

  • Կիսվել: