երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Միջազգային հանրությունը պետք է ճանաչի և դատապարտի այն փաստը, որ Ադրբեջանը լիովին անտեսում է միջազգային դատական ատյանների որոշումները. «Հայաստան» խմբակցություն

Միջազգային հանրությունը պետք է ճանաչի և դատապարտի այն փաստը, որ Ադրբեջանը լիովին անտեսում է միջազգային դատական ատյանների որոշումները. «Հայաստան» խմբակցություն

Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կայանալիք արտահերթ նիստի կապակցությամբ ՛՛Հայաստան՛՛ խմբակցությունը հայտարարություն է տարածել:

՛՛Մենք ուշի-ուշով հետեւում ենք զարգացումներին։ Նպատակ սահմանելով նման քայլով կանխել զանգվածային ոճրագործությունները, ներառյալ` պատերազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները եւ ցեղասպանությունը՝ հույս ունենք, որ ՀՀ իշխանությունները ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ երկրների հետ կատարել են անհրաժեշտ աշխատանք առաջադրված նպատակին հասնելու համար։

Ստեղծված իրավիճակում գտնում ենք․

Միջազգային հանրության եւ Հայաստանի գործող իշխանությունների բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն Լեռնային Ղարաբաղում ստեղծված աղետալի հումանիտար իրավիճակի շուտափույթ լուծմանը։

Երբ Ադրբեջանը բացահայտորեն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ցեղասպան քաղաքականություն, չի կարող լինել հակամարտության քաղաքական կարգավորման արդյունավետ քննարկում, քանի դեռ չի վերականգնվել Լաչինի միջանցքի լիարժեք գործունեությունը։

Միջազգային հանրությունը պետք է ճանաչի եւ դատապարտի այն փաստը, որ Ադրբեջանը լիովին անտեսում է միջազգային դատական ատյանների որոշումները եւ գտնի արդյունավետ մեխանիզմներ՝ ստիպելու Ադրբեջանին կատարել դրանք։

Հայաստանի համար, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի նախաձեռնող, պետք է կարմիր գիծ հանդիսանան Արցախի հայերի՝ որպես Ադրբեջանի կազմում բնակվող էթնիկ փոքրամասնության արձանագրումը եւ նույնիսկ Լաչինի միջանցքի բացման դիմաց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի որեւէ սահմանափակում։

Ադրբեջանի գործողությունները օրինական իրավունք են տալիս հայկական կողմին ետ կանգնել առայսօր իրենց կողմից արված ոչ հայանպաստ եւ Արցախի ինքնորոշման իրավունքը սահմանափակող հայտարարություններից, փոխել այսօրվա բանակցությունների վտանգավոր նարատիվը եւ կենտրոնանալ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի հիմնարար իրավունքների իրացման եւ անվտանգության ապահովման վրա՛՛,- նշվում է հայտարարության մեջ:

  • Կիսվել: