երեքշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2024
Միջազգային ասպարեզում լսելի ձայնը նրան դարձրել են Բաքվի թիրախ.Միջազգային մամուլը Ռուբեն Վարդանյանի խոշտանգումների մասին

Միջազգային ասպարեզում լսելի ձայնը նրան դարձրել են Բաքվի թիրախ.Միջազգային մամուլը Ռուբեն Վարդանյանի խոշտանգումների մասին

Միջազգային մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմի կողմից ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին ներկայացված դիմումին, որը հորդորում է կոմիտեին դատապարտել Ադրբեջանի կառավարության կողմից Ռուբեն Վարդանյանի դեմ իրականացվող խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը։

Reuters գործակալությունը մասնավորապես մեջբերել է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերին, որը նշել է. «Ուշագրավ է, որ Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանին դիտում է որպես սպառնալիք և փորձում է նրան լռեցնել կամայական կալանքով, իսկ վերջի շրջանում՝ նաև  խոշտանգումներով: Եթե Ադրբեջանը ցանկանում է, որ միջազգային ասպարեզում իրեն լուրջ վերաբերվեն, ապա անհապաղ պետք է դադարեցնի այդ գործողությունները և ազատ արձակի Վարդանյանին ու մյուս հայ բանտարկյալներին»:

Ֆրանսիական Le Figaro -ն ևս ծավալուն անդրադարձ է կատարել փաստին՝ նշելով, որ Ռուբեն Վարդանյանի հարազատները խիստ անհանգստացած են նրա վիճակով: Պարբերականը հիշեցնում է, որ մարդասիրական գործունեության  համար Նոբելյան Խաղաղության մրցանակի առաջադրված Վարդանյանը ներկայումս խոշտանգումների է ենթարկվում Բաքվի բանտում:

Պարբերականը մեջբերել է Ռուբեն Վարդանյանի ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի խոսքերը, որը պատմել է, թե ինչպիսի խոշտանգումների մասին է իրենց հայտնի դարձել. «Նրան հնարավորություն չի տրվել ոչ քնելու, ոչ նստելու: Նրան երկու օր շարունակ զրկել են խմելու ջրից, նա չի ունեցել հիգիենայի պարագաներ»:

Պարբերականը հիշեցնում է, որ Ռուբեն Վարդանյանի հետ Բաքվի բանտում են ևս 22 հայեր, որոնց թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությունը: Նշվում է, որ Վարդանյանը Լեռնային Ղարաբաղ էր տեղափոխվել՝ փորձելով օգնել տեղի բնակչությանը: Այնտեղ գտնվելու ժամանակահատվածում նրան հաջողվել էր միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Լեռնային Ղարաբաղի խնդրի և այնտեղ տիրող իրավիճակի վրա: «Հենց Վարդանյանի խարիզմատիկ անձը և միջազգային ասպարեզում լսելի ձայնն էլ նրան դարձրել են Ադրբեջանի իշխանության թիրախը»,-գրել է Le Figaro-ն:

  • Կիսվել: