ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Միհրան Պողոսյանը ճիշտ է արել, որ չի մասնակցել այսօրվա «դատական» նիստին. Վարդևանյան

Միհրան Պողոսյանը ճիշտ է արել, որ չի մասնակցել այսօրվա «դատական» նիստին. Վարդևանյան

Շատ ճիշտ է արել Միհրան Պողոսյանը, որ չի մասնակցել այսօրվա «դատական» նիստին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմից Արամ Վարդևանյանը: Նա նշել է, որ որ դատական նիստի ընթացքում նախագահող դատավորն իրեն հնարավորություն չի տվել՝ դիրքորոշում հայտնելու Միհրան Պողոսյանի դիմումի վերաբերյալ: Վարդևանյանի խոսքով՝ իրեն հնարավորություն չտալու իրավական հիմքը պարզ չէ: Այնուամենայնիվ, նա իր դիրքորոշումը հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ:

«Այսօր բոլորս պարզեցինք, որ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ նիստերի դահլիճում ոչ միայն կարելի է վիրավորական արտահայտություններ կատարել, այլ նաև սպառնալիք հնչեցնել»,-նշել է նա: Ըստ պաշտպանի՝ Դանիբեկյանի՝ նման գործողությունները ոչ մի իրավական հետևանք չեն ենթադրում:

Վարդևանյանը գրել է. «Շատ ճիշտ է արել Միհրան Պողոսյանը, որ չի մասնակցել այսօրվա «դատական» նիստին: Դատական նիստի էությունը՝ մրակցությունն է և բնականաբար կարգի պահպանումը, որը ՊԱՐՏԱՎՈՐ է ապահովել դատավորը: Արդեն քանիցս նկատում ենք, որ Ա. Դանիբեկյանը խրոխտ ձայնով արձագանքում է բացառապես պաշտպանական կողմի հայտարարություններին, իսկ մեղադրանքի, տուժող կողմին ծայրահեղ զգուշավորությամբ կամ առհասարակ չի արձագանքում, թեկուզ դրանից տուժում է դատական նիստը, մրցակցությունը, հնչում են սպառնալիքներ և այլն:
Չեմ կարող նաև չնշել «բացառիկ» մեկ այլ դրսևորում. դատավորին իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում մեղադրանքի կողմում հանդես եկող դատախազները՝ կրկին չնկատելով սպառնալիքները, հորդորելով պաշտապանական կողմին նիստի կարգը պահպանել և նման այլ մտքեր, երբ հենց այդ դատախազներից մեկը նույն նիստերի դահլիճում դիմելով գործով պաշտպանի ԲԱՌԱՑԻՈՐԵՆ ասել էր «Կկտրեմ ձենդ՝ չես մոռանա»:

Պաշտպանի խոսքով՝ այս դեպքում ևս պետք չէ կենտրոնանալ միայն դատախազի հայտարարության վրա, «այլ կրկին՝ ինչ գործողություն ձեռնարկեց այդ պահին նիստը նախագոհող Ա. Դանիբեկյանը…պարզապես լքեց նիստերի դահլիճը»:

Վարդևանյանը վստահ է, որ |այս ամենը ուղղակի ակնհայտորեն հաստատում է այն, ինչի մասին ինքը բազմիցս նշել է՝ «1) չկա օրենքի հիման վրա ստեղծված դատարան, և 2) դատավորը ակնհայտ կանխակալ և կողմնակալ վարքագիծ է դրսևորում»:

  • Կիսվել: