շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Միասին՝ փոխվստահության մթնոլորտում, պիտի կերտենք մեր մարզի բարեկեցությունը. Արամ Խաչատրյան

Միասին՝ փոխվստահության մթնոլորտում, պիտի կերտենք մեր մարզի բարեկեցությունը. Արամ Խաչատրյան

Լոռու նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ լոռեցիներ, գործընկերնե՛ր

Նախ և առաջ, ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ կառավարությանը Լոռու մարզպետի անչափ պարտավորեցնող ու պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար:

 

Լոռու մարզպետի պաշտոնում նշանակվելն ինձ համար մեծ պատիվ է, բարձր պատասխանատվություն և իմ մարզի ժողովրդին անձնվիրաբար ծառայելու հնարավորություն:

Ինչ խոսք, մեր երկրի ու ժողովրդի համար չափազանց բարդ և պատասխանատու ժամանակաշրջան է, և սա մեզ բռունցքվելու, միակամ լինելու, մեկ միասնական նպատակի համար պայքարելու առիթ է և հնարավորություն: Իսկ նպատակը մեկն է՝ մեր մարզի ու երկրի բարօրությունը:

Խոսքս ուզում եմ ուղղել մարզի ողջ բնակչությանը՝ համայնքների ղեկավարներին, մտավորականներին, գիտության ու մշակույթի գործիչներին, գործարարներին, բուժաշխատողներին, հասարակական գործիչներին, ինժեներներին ու գյուղատնտեսներին՝ բոլոր-բոլորին. այսօր ես՝ որպես մարզի ղեկավար, ունեմ բոլորի՛դ աջակցության կարիքը: Պատրաստ եմ ձեզ հետ համագործակցային ջերմ մթնոլորտում և կառուցողական դաշտում քննարկելու այն առաջարկությունները, դիտարկելու առկա հնարավորությունները, որոնք ուղղված կլինեն մարզի բարեկեցության ապահովմանը: Կարծում եմ՝ շատ շուտով ձեզ հետ միասին ոլորտ առ ոլորտ հնարավորություն կունենանք քննարկելու մեր մարզի զարգացման առաջնահերթությունները, առկա խնդիրների հաղթահարման արդյունավետ ուղղությունները:

Միանշանակ կարող եմ վստահեցնել. աշխատանքում լինելու եմ բաց և թափանցիկ, հաշվետվողական: Ինձ համար չափազանց կարևոր է յուրաքանչյուր լոռեցու արժանապատիվ ապրելու իրավունքի ապահովումը:

Սիրելի՛ լոռեցիներ, մի հարցում կարող եք վստահ լինել. միասին՝ փոխվստահության մթնոլորտում, պիտի կերտենք մեր մարզի բարեկեցությունը:

Եվ ուրեմն՝ ի գործ»:

  • Կիսվել: