երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մեզ փող պետք չի, մենք ներողություն ենք ուզում խնդրի. Էլոյանի պահանջը Սարհատ Պետրոսյանից

Մեզ փող պետք չի, մենք ներողություն ենք ուզում խնդրի. Էլոյանի պահանջը Սարհատ Պետրոսյանից

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը զրպարտչական ու վիրավորական հայտարարությունները հերքելու և դրա համար ներողություն խնդրելու հիմքով հայց է ներկայացրել դատարան: «Կադաստրի նախկին պետ Սարհատ Պետրոսյանից պահանջում ենք հերքել «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հնչեցրած իր հայտարարությունները ու ներողություն խնդրել դրանց համար», - PrimeNews.am-ի հետ զրույցում ասաց Ավետիք Էլոյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:

Փաստաբանը ասաց նաև, որ առայժմ գումարի պահանջ չի դրվել Սարհատ Պետրոսյանի առաջ: «Մեր պահանջը ներողություն խնդրելն է ու հերքում տարածելը: Մենք կարծում ենք, որ պարոն Պետրոսյանը այնքան ողջամիտ է, որ թույլ չի տա, որ վեճը խորանա», -ասաց Սիրունյանը:

Նկատենք, որ իր հարցազրույցում Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը հայտարարել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մեջ է։

Ըստ Պետրոսյանի հայտարարության, Ավետիք Էլոյանը 2012 թվականին եղբոր՝ Զարեհ Էլոյանի հետ ԱՄՆ-ում բացել է «Eloyan Architects» նախագծային կազմակերպությունը, որի պաշտոնական կայքում կա միայն մեկ բնակարանի ինտերիերի նախագիծ Հայաստանում: Սարհատ Պետրոսյանը հարցազրույցում պնդել էր, որ Էլոյաններին պատկանող «Eloyan Architects»-ն այժմ ներգրավված է մի շարք նախագծային աշխատանքներում՝ ֆուտբոլային համալիրի, Դալմայի տարածքում բազմահարկ բնակելի շենքի կառուցման:

«Դրան ավելացնենք հանրահայտ 70 հարկանի շենքի նախագիծը, որը, ինչպես ներկայացվում է հարցազրույցում, պատվիրվել է 2017 վերջին։ Չնայած այս պնդումն արժանահավատ չէ, սակայն եթե կարելի է ապացուցել, որ դա պատվիրվել է մինչ նշանակումը, ապա այս նախագծի մասով կարծում եմ կկարողանանք հանգիստ լինել (ավելին՝ ներողություն խնդրել), բայց միևնույնն է՝ մնում է այն հարցը, թե ինչպե՞ս է մեր լավագույն ինտերիեր դիզայներներից Զարեհ Էլոյանը շարունակելու այս աշխատանքն առանց «փորձառու» Ավետիք Էլոյանի»,- հայտարարել էր Պետրոսյանը:

  • Կիսվել: