երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեզ համար կարևոր է, որ հարթակները, որտեղ քննարկումները տեղի կունենան, լինեն ի շահ կայունության և խաղաղության հաստատման․ ԱԳ փոխնախարար

Մեզ համար կարևոր է, որ հարթակները, որտեղ քննարկումները տեղի կունենան, լինեն ի շահ կայունության և խաղաղության հաստատման․ ԱԳ փոխնախարար

Հայաստանը վերջին կողմն է, որը շահագրգիռ է խաղաղության պայմանագրի համաձայնեցման գործընթացի վիժեցմամբ և դրա ապացույցն այն է, որ հունվարի 4-ին տեքստի վերաբերյալ մեր երկիրը վերջին նկատառումներն է ուղարկել, որին դեռևս արձագանք չկա: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

Ինչպես է մեկնաբանվում Ադրբեջանից հնչող կարծիքը՝ թե Հայաստանն է փորձում խուսափել խաղաղության պայմանագրի կնքումից՝ հարցին, Կոստանյանն ասաց՝ իր կարծիքով սա միջազգային գործընկերներին մոլորեցնելու հեթական փորձն է:

«Վերջին տարիների և ամիսների բանակցային գործընթացը ցույց է տալիս, թե որ կողմն է կառուցողական: Այս առումով մեր միջազգային գործընկերների մոտ հարցեր չպետք է առաջանան»,- ասաց նա:

Այնուամենայնիվ, ըստ Պետրոս Ղազարյանի, նման հարց կա Հայաստանի միջազգային գործընկերների մոտ, մասնավորապես ՌԴ-ից է հնչել որոշակի հայտարարություն:

Ի պատասխան դիտարկմանը, ԱԳ  նախարարի տեղակալն ասաց՝ խոսքը բոլոր անաչառ միջազգային գործընկերների մասին է:

«Մեզ համար կարևոր է, որ հարթակները, որտեղ քննարկումները տեղի կունենան, լինեն ի շահ կայունության և խաղաղության հաստատման, և ոչ թե միջնորդները փորձեն սեփական դիվիդենտները քաղել այս գործընթացից»,- ասաց Կոստանյանը:

Այսինքն, եթե կար ժամանակ, որ մտածում էինք, թե Մոսկվան Հայաստանի կողմից է, հիմա նույնիսկ չեզո՞ք չէ՝ հարցին ի պատասխան Կոստանյանն ասաց՝ տրամաբանորեն յուրաքանչյուր պետություն սեփական շահերն է առաջ տանում:

«Մենք էլ մեր հերթին գնահատում ենք, թե այդ շահերը ինչքանով են համադրելի Հայաստանի Հանրապետության շահերի հետ, մասնավորապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության հետ»,- ասաց Կոստանյանը:

  • Կիսվել: