երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեր պայքարը շարունակվում է՝ ունենալու ենք կարևոր անակնկալներ․ Հայկ Գրիգորյան

Մեր պայքարը շարունակվում է՝ ունենալու ենք կարևոր անակնկալներ․ Հայկ Գրիգորյան

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ InfoPort.am-ը շարունակում է ներկայացնել դրանցում մասնակցության հայտ ներկայացրած ուժերի և դրանց առաջնորդների ծրագրերն ու գործունեությունը։ Այս անգամ կայքի զրուցակիցը «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ Հայկ Գրիգորյանն է։

-Պ-ն Գրիգորյան, Երևանի Ավագանու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ Ձեր հայտարարությունից հետո, Դուք սկսեցիք բազում ակցիաներ («Մաքուր Երևան», «Կանաչ Երևան»), անցկացրեցիք ֆլեշմոբեր, փորձելով վեր հանել մայրաքաղաքի ակտուալ խնդիրները, հանդիպեցիք բնակիչների հետ, որո՞նք են Երևանի Ձեր կողմից արձանագրված ամենա ցայտուն խնդիրները։

-Այո, դուք ճիշտ նկատեցիք, մենք այս ընթացքում մի քանի ակցիաներ անցկացրեցինք, ուղղված քաղաքի մաքրման և կանաչապատման, հիմնականում մեր ուշադրությունը սևեռված էր բակային տարածքներին։ Ինչու՞, որովհետև քաղաքային իշխանությունները խնդիրները սքողելու համար հիմնական փողոցներում մակերեսային լուծումներ են տալիս՝ մի երկու թուփ ու ծաղիկ տնկում, մի քանի աղբաման շարում, բայց երկրորդային փողոցներում ու բակերում վիճակը անմխիթար է։ Մեր այցերի, բնակիչների հետ հանդիպումների ժամանակ պարզվեց, որ հենց աչքից հեռու հատվածներում են տեղի ունենում ամենա շատ ապօրինությունները։ Օրինակ, բակային տարածքները սեփականաշնորհվում են ինչ որ անհատների, որոնք տեղում կառուցում են ավտոտնակներ, առանձնատներ, օբյեկտներ՝ այդպիսով զրկելով բնակիչներին իրենց հանրային տարածքում հանգիստը կազմակերպելու հնարավորությունից, երեխաներին իրենց խաղահրապարակներից։ Իսկ եթե նույնիսկ բակային հատվածները դեռևս սեփականաշնորհված չեն, ապա քաղաքային իշխանությունների անուշադրության պատճառով վերածվում են անապատի ու աղբավայրի։ Այս ընթացքում շատ հազվադեպ շենքերում տեսանք խնամված բակեր իրենց խաղահրապարակներով, դրանք էլ բնակիչների պնդմամբ, իրենք են բարեկարգել։

Հաջորդ խնդիրը Երևանի անթույլատրելիության հասնող մասշտաբների կառուցապատումն է։ Տպավորություն է ստեղծում, որ այդ շինթույլտվությունները մի նպատակ են հետապնդում՝ գումար աշխատելու։ Որովհետև դրանք շատ հաճախ տրվում են օրենքի կոպտագույն խախտումներով, անտրամաբանական նախագծերի հիման վրա։ Չկա քաղաքը կառուցապխատելու հիմնական կոնցեպտ, որը կուղղորդի շինարարության ընթացքը, նորմերը և տրամաբանությունը։ Ով որտեղ ազատ հողատարածք է գտնում, դիմում է քաղաքապետարան, ինչ-ինչ (բոլորիս հայտնի ձևերով) ստանում շինթույլտվություն և ինչ էր անորակ նախագծի հիման վրա սկսում կառուցել քաղաքի ճարտարապետական տեսքը և տրամաբանությունը աղճատող կառույց։ Հաճախ դա տեղի է ունենում շինարարական նորմերի կոպտագույն խախտմամբ (առանց կառուցապատողի մասին ինֆորմացիա պարունակող վահանակների, պարսպապատման, շրջակա միջավայրը աղտոտելու և փոշոտելու միջոցով)։ Եվ ինչ եք կարծում, քաղաքային իշխանությունները երբևէ սևեռվել են այդ խնդրի վրա, երբևէ պատժել են կառուցապատողին, երբևէ հարցրել են՝ այ եղբայր, ախր էս շենքը, որ կառուցում ես քաղաքի սրտում, ընդհանրապես համահունչ չէ շրջակա ճարտարապետությանը, խախտում է քաղաքի թամանյանական տրամաբանությունը։ Տպավորություն է, որ քաղաքապետարանը վերածվել է գումարով շինթույլտվություններ տպագրող կառույցի։

Հաջորդ գլոբալ և կարևորագույն խնդիրն է քաղաքի էկոլոգիան, որը իր մեջ մի քանի կոմպոնենտ է պարունակում՝ օդի ախտոտվածությունը, կանաչապատումը և ջրային զոնայի սակավությունը։ Այս խնդիրները սաստկացել և սաստկանում են քաղաքային իշխանությունների, ես կասեի հանցավոր քաղաքականության արդյունքում։ Երևանի նման կիսաանապատային, ախտոտված օդ ունեցող քաղաքում հակացուցված է նման մասշտաբների կառուցապատումը, քանզի օդում փոշու կոնցենտրացիան հասնում է առողջության համար վտանգավոր մակարդակի, իսկ ջրային ավազանների սակավությունը էլ ավելի է նպաստում դրան։ Ժամանակին, այդ հանգամանքը հաշվի առնելով, Երևանում բազում մեծ և փոքր ջրավազաններ էին կառուցվել, գրեթե ամենուր կային շատրվաններ։ Հետագայում, ջրավազանների որոշ մասը գնաց կառուցապատման տակ, մնացածը վերածվեց աղբավայրի, շատրվանների մեծ մասը վնասվեց և չնորոգվեց։ Նույն բարբարոս քաղաքականությունն է տարվել և տարվում քաղաքի կանաչապատ տարածքների հանդեպ։ Չնայած նրան, որ Երևանի յուրաքանյչուր հաջորդ քաղաքապետ գրեթե երդվում է, որ այլևս կանաչ տարածքների հաշվին ոչ մի կառուցապատում չի անի, հակառակը ծառատնկման և կանաչապատման մասշտաբային ծրագրեր կիրականացնի, գործնականում անում է ճիշտ հակառակը։ Ամենուրեք մենք ականատես եղանք նրան, թե ինչպես են այս կամ այն կանաչապատ տարածքի փոխարեն վեր խոյանում էլիտար նորակառույցները։ Բնակիչների գանգատ-բողոքներն էլ ուղղակի արհամարհվում են իրենց «ժողովրդի ծառա» հռչակած իշխանությունների կողմից։ Երվանդ Քոչար փողոցի բնակիչների աղմուկ հանած բողոքը ասածիս վառ ապացույցն է։

Դե իսկ ընթացիկ խնդիրների մասին էլ չխոսեմ, տրանսպորտ, կոմունիկացիաներ, փոսեր, աղբահանությունը, այդ թեմաներին անդրադարձ է արվում առօրեական ռեժիմով։   

Այո, ձեր մատնանշած խնդիրները առկա են և դժվար հաղթահարելի։ Իսկ Դուք ինքներդ ունե՞ք այդ խնդիրների լուծումը, եթե այո, ընդհանուր գծերով կներկայացնե՞ք դրանք։                

-Այո, անշուշտ, դրանք բոլորը ներառված են մեր նախընտրական ծրագրում, և գիտեք դրանք ինչ որ բարդ, ֆանտաստիկայի ժանրից լուծումներ չեն, դա այն է, ինչ կարող է մատնանշել նույնիսկ շարքային երևանցին։ Ուղղակի խնդիրների լուծման համար պետք է դրսևորել կամք և կառավարչական հմտություններ, ինչը ի սպառ բացակայում է ներկայիս իշխանությունների մոտ։

Օրինակ ես, սկզբի համար կարգելեի Երևան քաղաքում նոր շինթույլտվությունների տրամադրման գործընթացը, բացառությամբ խիստ հրատապ և կարևորություն ունեցող դեպքերի։ Երևանը առանց այն էլ գերծանրաբեռնված է։ Նոր շինարարության արգելքը Երևանում կբերեր հարակից բնակավայրերի զարգացմանը, կյանքի աշխուժացմանը և հանրապետության ապակենտրոն զարգացմանը, ինչը շատ կարևոր է յուրաքանչյուր պետության համար։ Բացի այդ դա կնպաստեր օդի որակի բարելավմանը, մենք կկարողանային ուշադրությունը սևեռել արդեն առկա շենքերի ու շինությունների ճարտարապետական տեսքի բարելավման, առկա խնդիրների լուծման վրա։ Ընտրվելու դեպքում մենք նաև մեծ ուշադրություն ենք դարձնելու ջրային մակերեսի վերականգնման հարցին, համապատասխան մասնագետների հետ խորհրդակցելով, պետք է վեր հանենք այն բանաձևը, որը կօգնի վերականգնել քաղաքի էկոլոգիան, ջրային և կանաչ տարածքների օպտիմալ մակերեսը։ Անշուշտ մեծ ուշադրություն է դարձվելու կանաչապատման հարցին։ Վստահեցնում եմ, որ ոչ մի նոր շինթույլտվություն ի հաշիվ կանաչ տարածքների չի տրվելու։

Դե առանձին ծրագրեր ունենք կոմունիկացիաների օպտիմալացման, տրանսպորտային համակարգի խնդիրների լուծման և այլ խնդիրների հետ կապված, դրանք բոլորը հանգամանալից ներկայացված են մեր ծրագրում, կներկայացվեն նաև ընտրարշավի ժամանակ։ Ավելացնեմ նաև, որ օդի ախտոտվածության խնդրի լուծման հարցում մեծ նշանակություն ունեն տրանսպորտային շահագործման չափանիշները։ Երևանում հին, օդը շատ ախտոտող մեքենաների տեսակարար կշիռը մեծ է, առհասարակ մեծ է քաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը։ Ճիշտ է այս խնդրի լուծումը միայն քաղաքային իշխանությունների կոմպետենտության ոլորտում չէ, համալիր լուծում է պահանջում, բայց քաղաքային իշխանությունների դերը այս հարցում շատ մեծ է։ Կարելի է գտնել օպտիմալ մեխանիզմներ քաղաքը, կամ գոնե դրա կենտրոնը տրանսպորտից որոշակիորեն բեռնաթափելու ուղղությամբ։ Այս խնդրի լուծման շուրջ մենք նույնպես ունենք համապատասխան ծրագրեր։

Պարոն Գրիգորյան, վերջերս, սակայն, Դուք պասիվություն եք ցուցաբերում։ Տպավորություն էր, որ վերանայել եք ձեր քաղաքական պլանները․․․

-Ամենևին, մենք շատ ակտիվ աշխատանքներ ենք տանում, որոնց մի մասը չի երևում, և դա շատ տրամաբանական է, բնականաբար մենք մասնակցելու ենք Երևանի առաջիկա ընտրություններին, այս ընթացքում ես եղա նաև ԱՄՆ-ում, ընտրություններին ընդառաջ կարևոր հանդիպումներ ունեցա ամերիկահայ և ոչ միայն ամերիկահայ շրջանակների հետ։ Ակտիվ քաղաքական կոնսուլտացիաներ ենք ունենում։ Նաև արտասահմանյան փորձագետների, քաղաքային իշխանությունների հետ փորձի փոխանակման աշխատանքներ ենք կատարել, լրամշակել մեր ծրագիրը լավագույն միջազգային փորձը ադապտացնելով մեր մայրաքաղաքի առանձնահատկություններին։ Այնպես որ մեր աշխատանքները չեն դադարել։ Ունենալու ենք նաև շատ կարևոր անակընկալներ։ Նորից պետք է կրկնեմ՝ Երևանի իշխանությունը պետք է փոխվի, քանզի նրա աշխատանքի արդյունավերությունը, կամ ավելի ճիշտ անարդյունավետությունը երևանցիները արդեն ճաշակել են։

 

  • Կիսվել: