չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Մեր խաղաղության, մեր գոյության երաշխավորը նախևառաջ մենք ենք. Թունյան

Մեր խաղաղության, մեր գոյության երաշխավորը նախևառաջ մենք ենք. Թունյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում ՛՛Իսկ հիմա սառը և անկեղծ՛՛ վերտառությամբ գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև.

՛՛Մեր երկիրը գտնվում է չափազանց բարդ իրավիճակում: Զգացմունքայնության ժամանակը չի: Սառը դատելու ու գործելու ժամանակն է:

Ես գիտեմ, որ ֆեյսբուքում ստատուսներ գրելով խնդիրներ չեն լուծվում, ու դրա համար չեմ հոգնեցնում ձեզ երկար ու հաճախ ճառերով:

Բայց, կարծում եմ, ճիշտ կլինի, մի քանի մտքերով կիսվել:

Մենք գիտենք, որ չկան հավերժ բարեկամներ ու թշնամիներ, գիտենք, որ աշխարհը պրագմատիկ է։ Այստեղ որոշիչ են շահերը։ Որքան էլ բարձր ամբիոններից խոսվի մարդու իրավունքներից և այլ գեղեցիկ բաներից, շահերն ավելի կարևոր են, քան մարդկանց ճակատագրերը։

Մենք գիտենք, որ համաշխարհային քաղաքականությունը մեծ առևտուր է: Դարավոր եղբայրությունը, մշակութային կապերն ու սիմպատիաները կապ մեծ հաշվով դեր չեն խաղում քաղաքականության մեջ:

Պետք չի չափից դուրս ոգևորվել Հայաստանի / Արցախի կամ հայ ժողովրդի հասցեին որևէ մեկի ասած դրական խոսքերից, ընկնել էյֆորիայի մեջ, և ոչ էլ պետք է վհատվել հակառակից։ Ուղղակի պետք է ընդունել ի գիտություն, անել հետևություններ ու շարժվել առաջ։ Սառը հաշվարկով՝ հանուն Հայաստանի պետական շահերի:

Սա է իրականությունը: Լավ է, թե վատ՝ ունենք այն, ինչ ունենք:

Մեր խաղաղության, մեր գոյության երաշխավորը նախևառաջ մենք ենք: Եթե մենք մեզ չպաշտպանենք, ոչ ոք դա մեր փոխարեն չի անելու:

Մեզ հիմա ամենից շատ պետք է ներքին միասնականություն, գոնե այս հարցի շուրջ: Մեր զինվորը պիտի վստահ լինի, որ թիկունքն ամուր է, որ իր մեջքի հետևում իրար չեն ուտում:
Վերջին իրադարձությունները, չնայած ցավալի զոհերին ու կորուստներին, մի շատ, չափազանց կարևոր դեր են խաղացել: Դրանք ստերեոտիպ են կոտրել:

44-օրյա պատերազմից հետո շատերին՝ թե երկրի ներսում, թե դրսում, թվում էր, որ մենք այլևս ոչ բանակ ունենք, ոչ կռվող, ոչ էլ կռվելու կամք: Շատերին թվում էր, թե անդառնալի կոտրվել ենք, վերածվել անպաշտպան ու կամազուրկ մի սուբյեկտի, որին թեթև վախեցնելով՝ կարելի է ցանկացած զիջում պոկել:

Հայկական բանակը կոտրեց այդ միֆը: Կրկին ցույց տվեց, որ մեզ չի կարելի «դուրս գրել»:
Սա չափազանց կարևոր նշանակություն ունի: Չափազանց: Մարտական ոգու վերականգնումը, սեփական ուժերի նկատմամբ վստահության վերականգնումը բազմապատկում են բանակի ուժը:

Այո, մենք խաղաղություն ենք ուզում, բայց չենք մուրում, որովհետև խաղաղություն մուրողին, հանձնվածին ընդառաջ չեն գնում: Հակառակը՝ պոկում են, ինչ կարող են:

Մենք խաղաղություն ենք ուզում, բայց շատ լավ պատկերացնում ենք՝ ում հետ գործ ունենք, և շատ լավ գիտակցում ենք, որ խաղաղության ամենակարևոր երաշխիքը ուժեղ լինելն է:

Մենք ոչ գերագնահատում ենք, ոչ թերագնահատում մեր ուժերը: Մեր ռեսուրսները սահմանափակ ենք, մեզ բայրաքթար նվիրող չկա, մեզ համար ուրիշները չեն կռվում:

Բայց բավարար կամք ու միասնականություն ցուցաբերելու դեպքում մենք կարող ենք ցույց տալ, որ մեզ հետ չեն կարող ինչ ուզել անել:

Էլի եմ կրկնում. զգացմունքային ու տաք գլխով որոշումները սխալ տեղ են տանում: Ինչ էլ ասեն, ինչ էլ խոսեն՝ վստահ եղեք, կառավարությունում բոլոր ռիսկերը վերլուծվում են, և ցանկացած որոշում ընդունելիս հաշվի է առնվում / առնվելու Հայաստանի պետական շահը:
Ինչ վերաբերում է ներքաղաքական զարգացումներին, հավատացեք, փաստացի պատերազմական վիճակում գտնվող երկրում ներքաղաքական լարվածությունը միայն վնաս է տալիս:

ԱԺ-ի դիմաց տեղի ունեցող հանրահավաքին ես տեսա ծանոթ մարդկանց՝ գործարարներ, արվեստագետներ և այլոց, որոնց հայրենասիրությանը չեմ կասկածում: Համոզված եմ, որ նրանք գնացել էին ազնիվ մղումներով: Բայց....

Բարեկամներ, հանրահավաք անելու շնորհիվ հրադադարի հասնելը, ինչի մասին որոշ գործիչներ հայտարարում են, պարզապես... չասեմ ինչ է: Թույլ մի տվեք ձեզ մանիպուլացնեն:

Բանակի ու ռազմաքաղաքական ղեկավարության մեջ սեպ խրելու փորձերը, անվստահություն ու խուճապ տարածելը, կեղծ լուրեր տարածելը ոչ թե իշխանությանն են վնասում, այլ երկրին:
Նման բաներով զբաղվող մարդկանց կոչ անել կամ համոզելն անհույս գործ է. նրանք լավ գիտակցում են ինչ են անում և ում շահերն են առաջ տանում:

Ես դիմում եմ իրենց երկիրը սիրող, գիտակից ու ազնիվ մարդկանց: Կանգնեք պետականության կողքին՝ գոնե վնաս չտալով: Ամեն մեկդ ձեր տեղում ձեր գործը լավ անելով:

Սա քաղաքականության հարց չի, սա Քաղաքացու հարց է: Իր երկրի մասին մտածող, գիտակից քաղաքացու: Իշխանությունները անցողիկ են, Հայաստանը հավերժ պիտի մնա:

Կեցցե Հայ զինվորը,

Կեցցե Հայաստանը,

Հավերժ փառք մեր հերոս նահատակներին՛՛:

  • Կիսվել: