շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
«Մեր հոգին միշտ կմնա այստեղ՝ Հայաստանում». նախագահականում տեղի ունեցավ Հունաստանի նախագահի հրաժեշտի արարողությունը

«Մեր հոգին միշտ կմնա այստեղ՝ Հայաստանում». նախագահականում տեղի ունեցավ Հունաստանի նախագահի հրաժեշտի արարողությունը

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:

Կարճատև զրույցի ընթացքում ամփոփելով այցի արդյունքները՝ նախագահներն ընդգծել են հայ-հունական հարաբերությունների բարձր մակարդակը:

«Կարծում եմ՝ ընդամենը մեկ օրվա ընթացքում մի քանի փոքր, բայց կարևոր քայլեր արեցինք: Դրանք քայլեր են ճիշտ ուղղությամբ, որ առաջիկայում շատ ավելի կարևոր որոշումներ ընդունվեն և համագործակցության ճանապարհներ բացվեն Հունաստանի և Հայաստանի, հույն և հայ ժողովուրդների ու մեր սփյուռքների միջև»,- նշել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Նա ընդգծել է, որ Հունաստանը Հայաստանի լավագույն բարեկամներից է, և երկու ժողովուրդները միասին անցնելու երկար ճանապարհ ունեն: Արմեն Սարգսյանը Հունաստանի իր գործընկերոջը հրավիրել է ընտանիքի հետ կրկին այցելել Հայաստան:

Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար: «Մեր հոգին միշտ կմնա այստեղ՝ Հայաստանում: Մեր ժողովուրդների միջև բարեկամությունը երկար տարիների պատմություն ունի, և շնորհիվ Ձեզ՝ այդ բարեկամությունն ունի մեծ ապագա: Անշուշտ, մեր երկրների առջև մեծ մարտահրավերներ կան, բայց ունենք շատ ընկերներ, շատ դաշնակիցներ և պետք է ամեն ջանք գործադրենք, որ այդ բարեկամությունը դառնա հարատև»,- ասել է նա:

Հանդիպմանը հաջորդել է Հունաստանի Հանրապետության նախագահի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:

 

  • Կիսվել: