հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մենք տեսնում ենք քաղաքական հետապնդման ենթարկվողների առողջական վիճակի կտրուկ վատթարացում. Վարդևանյան

Մենք տեսնում ենք քաղաքական հետապնդման ենթարկվողների առողջական վիճակի կտրուկ վատթարացում. Վարդևանյան

Այսօր Հայաստանում կան անազատության մեջ գտնվող երկու հազարից ավելի անձինք. իրենցից 30 տոկոսից ավելիի մոտ առկա են քրոնիկ հիվանդություններ։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ՛՛Դիմադրություն՛՛ շարժման հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Միայն վերջին շրջանում տեսանք, թե կալանավորների, քաղաքական հետապնդման ենթարկվողների առողջությունն ի՛նչ վիճակի հասավ, տեսանք տարածաշրջանում, Եվրոպական երկրների մասշտաբով աննախադեպ, ծայրահեղ ահավոր մի դեպք՝ դատարանում մարդու մահ, ապօրինի կալանավորված մարդու մահ։

Մենք տեսնում ենք քաղաքական հետապնդման ենթարկվողների առողջական վիճակի կտրուկ վատթարացում: Ի՞նչ փաստի մասին է սա խոսում. այն, որ այս իշխանություններն արդեն կալանքը ոչ թե որպես մահակ, ապօրինի ռեպրեսիվ գործիք են օգտագործում, այլ մարդկանց առողջությունը քայքայելու գործիք՛՛։

Խոսելով Հայաստանում ԵՄ դեսպանի՝ ՀՀ-ում քաղբանտարկյալների մասին արված հայտարարության մասին՝ Վարդեւանյանն ասաց. ՛՛Այս պայմաններում Հայաստանում ԵՄ դեսպանը խոսում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ իբր չկան: Դուք պատկերացնու՞մ եք մարդու՝ իրականությունից կտրված ու այս իշխանություններին աջակցելու քաղաքականությունը։ Այսինքն՝ ամեն մի այս դեպքերով մարդու ճակատագրի խեղման մեջ ԵՄ դեսպանն առնվազն օժանդակող է՛՛:

Արամ Վարդեւանյանն անդրադարձավ նաեւ իրենց պայքարին՝ ընդգծելով, որ հետքայլ չեն անելու, գնալու են մինչեւ վերջ: ՛՛Երբ մենք միավորվում ենք, միայն հաղթում ենք՛՛,-իր խոսքը եզրափակեց նա:

 

  • Կիսվել: