չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Մենք մեր հողի վրա ոչ մի լրացուցիչ արտատարածքային միջանցք չունենք. Միրզոյան

Մենք մեր հողի վրա ոչ մի լրացուցիչ արտատարածքային միջանցք չունենք. Միրզոյան

Ոչ մի միջանցք չկա. կա TRIPP՝ «Թրամփի երթուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։  Այս մասին DW-ի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ ենթակառուցվածքի վրա տեղակայված ինքնիշխանության և մեր ազգային իրավազորության բոլոր հատկանիշներն այդ ճանապարհի հատվածում ճանաչվում են Ադրբեջանի և Միացյալ Նահանգների կողմից։ 

«Այնպես որ, մենք մեր հողի վրա ոչ մի լրացուցիչ արտատարածքային միջանցք չունենք։ Կարևոր է նաև իմանալ՝ մենք խոսում ենք ոչ միայն այս անցուղու, այլև Ադրբեջանի մայրցամաքային մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապելու մասին: Համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների միջև բոլոր տրանսպորտային կապերի և ենթակառուցվածքների ապաշրջափակում:

Այսպիսով, մենք, օրինակ, մուտք ենք ստանում ադրբեջանական երկաթուղուն, ամբողջ համակարգին, ամբողջ շղթային։ Ադրբեջանը մուտք է ստանում մեր երկաթուղուն։ Ամեն ինչ այնպես է, ինչպես սովորական հարևանների մոտ։

Մենք կկարողանանք երթևեկել միմյանց տարածքներով, ահա թե ի՛նչ է լինելու։ Սա այն է, ինչի շուրջ մենք համաձայնության ենք եկել։ Կառավարումը պետք է իրականացվի հայ-ամերիկյան կոնսորցիումի կողմից։ Այն, իհարկե, կարող է ենթակապալառուներ վարձել ծառայություններ մատուցելու համար, և այդ ընկերությունները պետք է ընտրվեն փոխադարձ համաձայնությամբ»,- ասել է ԱԳ նախարարը:

Նրա խոսքով՝ պոտենցիալ ընտրվելիք ընկերությունը պետք է հաստատվի Հայաստանի և Միացյալ Նահանգների կողմից։

«Մենք բաց ենք համագործակցության համար՝ բազմաթիվ երկրների հետ։ Ես ոչ մեկին չեմ բացառում, բայց կան որոշ երկրներ, որոնց դիմումները կարող են մերժվել»,-ընդգծել է Միրզոյանը:

  • Կիսվել: