երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Մենք հիմա ընթանում ենք՝ հերթով տապալելով ձեռք բերված արդյունքները․ Կարեն Բեքարյանը՝ ԼՂ խնդրի մասին

Մենք հիմա ընթանում ենք՝ հերթով տապալելով ձեռք բերված արդյունքները․ Կարեն Բեքարյանը՝ ԼՂ խնդրի մասին

Օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներից ելնելով՝ մեր իշխանությունները այսօր բանակցային գործընթացում ստեղծել են իրավիճակ, որ հետո տարիները կարող է չհերիքեն՝ հետ գալու այն կետին, որի վրա կանգնած ենք եղել մինչև այս իշխանությունների գալը։ Այս մասին «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի համաժողովում ասաց քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը:

Անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին՝ Բեքարյանը նշեց․

«Մեղադրում են, որ վարչապետը նախապատրաստվում է հող հանձնել, բայց այդպիսի բան չկա: Ո՞նց մարդկանց բացատրես, որ այդ հող հանձնելը էն անջատիչը չէ, որի կոճակը սեղմում ես, միանում-անջատում է, և հարցը չի վերաբերում նրան, որ որևէ մեկը հիմա ասում է՝ վարչապետ, դու հիմա հող ես հանձնում, դու փաստաթուղթ ես ստորագրում, հարցը լրիվ այլ տեղ է գտնվում: Դու կարող ես բանակցային գործընթացը տանել այնպիսի ընթացքով, որ քեզնից հետո տասնամյակներ շահերի վերադարձը բանակցային սեղան տեղի չունենա, դու կարող ես ստեղծել այնպիսի իրավիճակ, որ հերիք չէ շահերի պաշտպանումը դառնա բավականին բարդ, ներսում էլ քո կոնսոլիդացիան ուղղակիորեն տապալվի և ամբողջը ծառայի քո շահերի դեմ: Հիմա սա նո՞ւյնն է, ինչ հող տալն այդ անջատիչով: Այսինքն՝ նույն մանիպուլյացիան թույլ չի տալիս հարցին այս կողմից նայել»:

«Արդյո՞ք հետևից եկող իշխանությանը հեշտ էր գլխիվայր շուռ տալ բանակցային գործընթացը և լիովին այն դարձնել հայկական պետությունների շահերից բխող, իհարկե՝ ոչ: Տարիներ, տասնամյակներ տևած դիվանագիտական այդ ողջ աշխատանքը բերել է նրան, որ եկել հասել ես մի կետի, որտեղ միջազգային հանրության համար ընկալելի է եղել ինքնորոշման իրավունքի հարգման հարցը»,- նա օրինակ բերեց, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանությունից գնացել է՝ ունենալով համաձայնություն փուլային տարբերակին։

Կարեն Բեքարյանը նշեց, որ սա մեր երազանքի կարգավորման փաթեթը չէ:

«Հիմա մենք գտնվում ենք լրիվ հակառակ փուլում: Մենք հիմա ընթանում ենք՝ հերթով տապալելով ձեռք բերված արդյունքները»,- ասաց նա:

  • Կիսվել: