Մենք ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացումը չենք հակադրում մեր մյուս գործընկերների հետ հարաբերություններին. վարչապետ
Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն: Եվ այդ քաղաքականության շրջանակներում մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները Եվրամիության հետ, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նաև Ռուսաստանի հետ: Այս մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները վերջին տարիներին զարգացել են, խորացել և այդ զարգացումների ֆոնին քաղաքացիական հասարակությունը, հանրության ներկայացուցիչներ շուրջ 50,000 ստորագրություններով օրենքի նախագիծ են ներկայացել խորհրդարանին. «Մեր Սահմանադրությամբ այդպիսի կարգավորում կա, որ քաղաքացիները կարող են 50000 ստորագրությամբ օրենքի նախագիծ ներկայացնել խորհրդարանի քննարկմանը, ինչը և տեղի է ունեցել, և մեր կառավարող մեծամասնությունը որոշել է կողմ քվեարկել: Այդ կողմ քվեարկությունը տեղավորվում է նաև բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ:
Նաև մենք ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացումը չենք հակադրում մեր մյուս գործընկերների հետ հարաբերություններին: Ընդ որում, հետաքրքիր մի հանգամանք, եթե ուշադիր նայենք մեր տարածաշրջանին, այսօր կայացած իրողությունն է, որ մեր չորս հարևաններից երկուսը Եվրամիության անդամության թեկնածու են։ Եվ նկատի ունեմ՝ նաև այս պրոցեսը մեր տարածաշրջանացման քաղաքականությանը չի հակասում։ Բայց մենք մյուս կողմից հասկանում ենք, և ակնհայտ է, որ այդ նախագծի ընդունումը չի նշանակում անդամակցություն Եվրամիությանը, որովհետև դա բոլորովին այլ մի գործընթաց է: Մենք դրանով արձանագրում ենք մեր քաղաքական հետաքրքրվածությունն այդ գործընթացի նկատմամբ՝ հասկանալով, որ դա բարդ գործընթաց է:
Բայց մյուս կողմից բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության համատեքստում մենք ուզում ենք նաև մեր ժողովրդի համար, ես այդպես եմ ձևակերպում, ունենալ այլընտրանքների որոշակի մենյու, որովհետև ընդհուպ Եվրամիությանն անդամագրվելը ի վերջո նաև կարող է տեղի ունենալ համընդհանուր հանրաքվեի միջոցով հաստատվելու պարագայում:
Նույնիսկ այդ պարագայում դեռ փաստ չէ, որ Հայաստանը կանդամագրվի ԵՄ-ին, որովհետև ԵՄ անդամ երկրներն էլ իրենց հերթին պետք է կոնսենսուս ձեռք բերեն։
Ուզում ենք, որ ՀՀ-ն հաղթահարի այլընտրանքների բացակայության արտաքին քաղաքականությունը։ Մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը և Հայաստանի ժողովուրդն ունենա այլընտրանքներ։ Սա ամենևին էլ այդ այլընտրանքներից մեկի հենց ուղղակի ընտրություն չէ, այլ դա հնարավոր հնարավորություն է, ևս մի այլընտրանքի հնարավորություն է մեր պետության և մեր ժողովրդի համար: Սա ըստ էության ծառայություն է, իհարկե նաև մեր հանրության առնվազն, ընդ որում 50 հազարից ավելի ստորագրություն էր հավաքվել, 60 հազարին մոտ և նաև մեր ժողովրդավարական էության արտահայտությունն է, որ մենք չենք կարող, եթե Սահմանադրությունը նման հնարավորություն տալիս է՝ ինչո՞ւ պիտի ժողովրդավարական Կառավարությունը և ժողովրդավարական մեծամասնությունը մերժի այդ նախագիծը: Եվ սա է մեր ընկալումը, ու ես կարծում եմ, որ դա կարևոր լրացում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, եթե կարելի է այդպես ձևակերպել, մենյուի և հնարավորությունների մեջ»,- հայտարարեց ՀՀ վարչապետը: