շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մենք այս խորհրդարանը համարում ենք ժողովրդավարության միջնաբերդը․ Կոնջորյան

Մենք այս խորհրդարանը համարում ենք ժողովրդավարության միջնաբերդը․ Կոնջորյան

Ուզում եմ վերստին արձանագրել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԿԸՀ-ի նախագահի պաշտոնում առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՔՊ պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

«ԿԸՀ-ի անդամների պաշտոնում առաջադրել է Աննա Գրիգորյանի, Ժիրայր Կարապետյանի, Նունե Հովհաննիսյանի, Սիլվա Մարկոսյանի, Արմեն Սմբատյանի և Արուսյակ Տերչանյանի թեկնածությունները: Ուզում եմ այս ամբիոնից ևս մեկ անգամ արձանագրել, որ ՔՊ խմբակցությունը կողմ է քվեարկելու հանձնաժողովի նախագահի և բոլոր անդամների թեկնածություններին:

Մեզ համար չափազանց կարևոր է ԿԸՀ-ի բնականոն գործունեության շարունակականության ապահովումը, Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների, և ընդհանրապես ժողովրդավարության ավանդույթի կատարելագործումն ու զարգացումը: Մենք այս խորհրդարանը համարում ենք ժողովրդավարության միջնաբերդը և այս խորհրդարանը հեղափոխությունից հետո մեր քաղաքական թիմի շնորհիվ, նաև նախորդ տարի՝ պատերազմի ծանր հետևանքներից հետո իրականացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը և ընտրությունները կարող են լինել ոչ թե ներքաղաքական ճգնաժամեր հարուցելու, այլ ներքաղաքական ճգնաժամեր հաղթահարելու հնարավորություն»,-ասաց Կոնջորյանը:

Նրա խոսքով, դրանով ՔՊ-ն ապացուցեց, որ ժողովրդավարությունը թե ներքին, և  թե արտաքին անվտանգության երաշխավորն է:

Հայկ Կոնջորյանն ընդգծեց, որ ՀՀ-ում հատկապես պատերազմից հետո տարածվում էր այն անհիմն մտայնությունը  և ձևավորվում էր այն նարատիվը՝ փորձ անելով հարկադրել ժողովրդավարությունը անվտանգությանը,  բայց մենք ունենք համոզմունք ճիշտ հակառակի մեջ՝ ժողովրդավարությունը ոչ թե անվտանգության սպառնալիք է, այլ՝ անվտանգության երաշխավոր ։

«ՀՀ-ի համար ժողովրդավարական պետությունը անվտանգության գլխավոր երաշխիքներից մեկն է, որովհետև համոզվում ենք, որ միայն ժողովրդավարության պայմաններում է, որ կարող ենք ամբողջությամբ իրացնել  ՀՀ քաղաքացիների ամբողջական պոտենցիալը, տնտեսական պոտենցիալը և հայ ժողովրդի հնարավորությունները՝ ապահովելու անվտանգություն և բարեկեցություն»,- նշեց պատգամավորը։

  • Կիսվել: