ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեկնարկել է Սևան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանը

Մեկնարկել է Սևան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանը

Սեւան համայնքի ավագանու 2-րդ նստաշրջանը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ. նիստի մասնակիցներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պատճառով զոհված հայորդիների հիշատակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ներկայացրել է հերթական նիստում ներառված օրակարգային հարցերը, որոնք ընդունվել են միաձայն:

Ավագանու նիստի 1-ին հարցը վերաբերել է 2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում տեղական բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին։

Զեկուցմամբ հանդես է եկել Սեւանի համայնքապետարանի ֆինանսական բաժնի վարիչ Էդիկ Ղազարյանը` ներկայացնելով եկամտային եւ ծախսային բաղադրիչները: Ըստ զեկուցողի՝ համայնքի սեփական եկամուտները 2022 թվականի առաջին կիսամյակում հավաքագրվել են 84,1 տոկոսով։

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերել է 2022 թվականի բյուջեում փոփոխություններ կատարելուն, որը պայմանավորված է համայնքում իրականացվող մի շարք աշխատանքներով եւ գործընթացներով։ Համայնքի ավագանին համապատասխան որոշմամբ ամրագրել է նախատեսվող փոփոխությունները: «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարսեր, Գեղամավան, Գագարին, Ծաղկունք բնակավայրերի` համայնքային սեփականություն հանդիսացող շենքերում գտնվող ԲՄԿ-ներին տրամադրված տարածքներն անհատույց ու անժամկետ օգտագործման հանձնելու մասին» օրակարգային հարցը ներկայացնելիս համայնքի ղեկավարը նշել է, որ համայնքի Վարսեր, Գեղամավան, Գագարին, Ծաղկունք բնակավայրերում` համայնքային տարածքներում են տեղակայված բժշկամանկաբարձական կենտրոնները: Դրանց հետագա սպասարկման, վերանորոգման եւ պահպանման համար համայնքի ավագանու որոշմամբ տարածքներն անհատույց եւ անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրվել են «Սևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին:

Սեւան համայնքի Զովաբեր բնակավայրում գտնվող խմելու ջրի արտաքին ցանցի հետագա սպասարկման եւ բարելավման նպատակով համայնքի ավագանու որոշմամբ այն անհատույց օգտագործման է հանձնվել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին, որին կհաջորդի խմելու ջրի արտաքին ցանցի հետագա տնօրինման գործընթացը: Համայնքի ավագանին որոշումներ է ընդունել «Համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության վարձավճարները սահմանելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության Սեւան համայնքի համայնքային սեփականություն համարվող հողերը աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին» հարցերի վերաբերյալ:

Մեկ այլ որոշմամբ համայնքային սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցները փոխանցվել են «Սեւան համայնքի կոմունալ սպասարկում եւ բարեկարգում» ՀՈԱԿ-ի հաշվեկշռին:

Համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ներկայացրել է այս պահին Սեւան համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, ինչպես նաեւ համայնքապետարանի կողմից այս օրերին իրականացվող աշխատանքները, որոնք ներառում են նաեւ ապաստարանների, թաքստոցների գույքագրման, այդ տարածքների ներկա վիճակի ուսումնասիրման, մաքրման գործընթացները:

Սեւան համայնքի ավագանու 2-րդ նստաշրջանի հերթական օր է սահմանվել 2022 թվականի հոկտեմբերի 20-ը:

  • Կիսվել: