շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մասնակցել են անչափահասներ եւ կին, ունեցել են մուրճ ու մետաղյա ձողեր․ երեւանյան ծեծկռտուքի մանրամասները

Մասնակցել են անչափահասներ եւ կին, ունեցել են մուրճ ու մետաղյա ձողեր․ երեւանյան ծեծկռտուքի մանրամասները

Մայիսի 13-ին, Երևան քաղաքի Լուկաշինի փողոցում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Լուկաշին փողոցի բնակիչներ, 43-ամյա Լիաննա Պետրոսյանը և 65-ամյա Մերուժան Շահինյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում Լուկաշին փողոցի թիվ 1 շենքի հարևանությամբ ավտոմեքենաներով ճանապարհը չզիջելու պատճառով վիճաբանել են Լուկաշին փողոցի բնակիչ, 22-ամյա Մերուժան Շահինյանը և 18-ամյա Էդմոն Հակոբյանը: Այդ մասին իմանալով, Մ. Շահինյանի և Է. Հակոբյանի ընկերները, որոշ ժամանակ անց պարզաբանումներ կատարելու նպատակով հանդիպել են նույն վայրում, որտեղ անտեսելով իրենց գործողությունները հասարակության այլ անդամների համար տեսանելի և լսելի լինելու հանգամանքը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տևական ժամանակ միյմանց նկատմամբ հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, որը զուգորդվել է միմյանց նկատմամբ բռնություն գործադրելով:

Պարզվել է նաև, որ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի և վիճաբանողները եղել են մուրճով, մետաղյա ձողերով և միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել, ինչի հետևանքով էլ նշված անձինք տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Կարճ ժամանկ անց Մաշտոցի ոստիկանները ոստիկնության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ Լուկաշին փողոցից խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Սիլիկյան փողոցի բնակիչներ, 17-ամյա Տիգրան Ո.-ին, 16-ամյա Մովսես Մ.-ին, 16-ամյա Մարտիրոս Շ.-ին և Երևանի բնակիչ, 35-ամյա Վլադիմիր Շահբազյանին: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Էդմոն Հ.-ին և վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից 22-ամյա Մ. Շահինյանը հիվանդանոց տեղափոխված 65-ամյա Մերուժան Շահինյանի թոռն է, իսկ Լ. Պետրոսյանը՝ Մ. Շահինյանի մայրը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված 65-ամյա Մ. Շահինյանը իրենց թաղում հայտնի է «գաի Մերուժ», ով կոչումով ոստիկանության մայոր է և երկար տարիներ աշխատել է ճանապարհային ոստիկանությունում: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 13-ին վիճաբանություն-ծեծկռտուք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Լուկաշինի փողոցում մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում:

Օպերատիվորեն ժամանել էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Լրիվ մի կաթիլ մեղրի պատմություն:

Թեթև ավտոմեքենաների բախումը վերածվեց վիճաբանություն-ծեծկռտուքի ու եթե ոստիկանները տաք հետքերով չժամանեին, հնարավոր է, փողոցում ունենայինք զոհեր ու վիրավորներ, քանի որ կռվի բոլոր մասնակիցները 18-25 տարեկան ջահելներ էին, իսկ էսօրվա ջահելները ուղեղով չեն մտածում, բայց այս անգամ՝ շնորհիվ ոստիկանների օպերատիվ արձագանքմանը, բանը դրան չհասավ»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: