կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մարտիմեկյան ողբերգությունից 16 տարի անց մենք հաստատակամ ենք ՀՀ ժողովրդավար զարգացումն անշեղորեն երաշխավորելու հարցում. ՀՀ նախագահ

Մարտիմեկյան ողբերգությունից 16 տարի անց մենք հաստատակամ ենք ՀՀ ժողովրդավար զարգացումն անշեղորեն երաշխավորելու հարցում. ՀՀ նախագահ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների տարելիցի կապակցությամբ.

«Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ,

Այսօր լրանում է 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների 16-րդ տարելիցը, երբ օրվա իշխանությունը կրակեց իրենց իրավունքների համար պայքարող և խաղաղ ակցիաներ իրականացնող քաղաքացիների վրա:

Մարտի 1-ը, սակայն, իշխանության կողմից բիրտ ուժի կիրառման դրվագ չէր, այլ հետևանք տարիներ շարունակ մեր պետական համակարգում արմատավորված արատավոր, քրեաօլիգարխիկ բարքերի, քաղաքական հալածանքների մթնոլորտի, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների զանգվածային ու տևական ոտնահարման:

Մարտի 1-ի հանցագործությունը նաև հաստատումն էր այն բանի, որ օրվա իշխանությունն այլևս ձախողել էր կենսունակ ու մրցակցային քաղաքական համակարգի, կայուն պետական ինստիտուտների, ժողովրդավարական բարեփոխումների իրականացման կարևորագույն և պատասխանատու գործը:

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր՝ մարտիմեկյան ողբերգությունից 16 տարի անց, մենք հաստատակամ ենք Հայաստանի ժողովրդավար զարգացումն անշեղորեն երաշխավորելու հարցում, որը բացառում է մեր քաղաքացիների ազատ կամարտահայտությունը և ժողովրդավարական սկզբունքների գերակայությունը վիճարկելու որևէ մտայնություն: Այսօր ոգեկոչելով մարտի մեկի անմեղ զոհերի հիշատակը՝ մենք վերահաստատում ենք մեր կամքը՝ կառուցել ազատ, ժողովրդավար ու զարգացող Հայաստան, որի համար իր քաղաքացիների կյանքն ու բարեկեցությունը գերագույն արժեք է:

***

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ծաղիկներ է խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում կանգնեցված հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին:

  • Կիսվել: